Կիրակի օրը Լիբանանում կայացած խորհրդարանական ընտրությունները մեծ ոգևորությամբ ընդունվեցին հանրության կողմից, ներառյալ Հեզբոլահ ռազմականացած խմբավորման, շիաների Ամալ շարժման և երկրի սունի վարչապետի գլխավորած Ապագա շարժման կողմնակիցների շրջանում:
Երկրում խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունեցել 2009 թվականից ի վեր Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի պատճառով: Այս ընտրությունները որոշակի փոփոխություններ են նախատեսում երկրի կրոնահամայնքային կառավարման համակարգում:
«Սա բացառիկ ազգային օր է, և շատ ուրախալի է, որ մենք որպես Լիբանանի քաղաքացիներ այսօր կարող ենք արտահայտել մեր կարծիքը: Երկար ժամանակ է զրկված էինք այդ իրավունքից»,- նշում է ընտրողներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Այդուհանդերձ շատերը չեն մասնակցել ընտրություններին՝ պատճառաբանելով, որ դրանք ոչինչ չեն փոխի։
«Նույն մարդիկ են, այլ անուններով: Եթե ինչ-որ մեկը չի ցանկանում մասնակցել, ապա նրա փոխարեն առաջադրվում է կամ նրա որդին կամ թոռը կամ էլ նրա եղբայրը»,- ասում է լիբանանցի Մուհամեդ Մերհին:
Մեկ այլ ընտրող էլ կասկած է հայտնում, որ Լիբանանում հնարվոր է հեռանալ կրոնահամայնքային կառավարման համակարգից:
«Դրա վկայությունն այն է, որ փորձ եղավ անցկացնել քաղաքացիական ամուսնության վերաբերյալ օրենք, որը սակայն տապալվեց: Կրոնականները արգելափակեցին այն: Նրանք ցանկանում են պահպանել կրոնական պետական համակարգը»,- ասում է ընտրող Վալիդ Մոուկասան:
Ավելի քան 500 թեկնածուներ մասնակցում են 128 տեղանոց խորհրդարանի ընտրություններին: Այն հավասարապես բաժանված է քրիստոնյաների ու մահմեդականների միջև:
Facebook Forum