Ապրիլի 21-ին Վաշինգտոնում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն:
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Սպիտակ տան առջև, քիչ ռաջ ավարտվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությունը:
Վաշինգտոնի հայ համայանքի կողմից կազմակերպված մոմավառությանը մասնակցում էին ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի անդամներ, սկաուտներ, քաղաքացիներ, ինչպես նաև՝ Հայաստանի բարեկամներ:
«Ես այստեղ եմ, որպեսզի աջակցությունս հայտնեմ, պայքարեմ հանուն արդարադատության, ճնշում գործադրեմ Թրամփի վարչակազմի վրա, որպեսզի ի վերջո ճանաչվի Հայոց ցեղասպանությունը» - նշեց մոմավառության մասնակից Էդվին Փորթուգիլը:
Կանադայի «Թորոնթո Ռափթերզ» հայտնի բակսետբոլի թիմի մարզիչ Ռեքս Քալամյանը նույնպես ներկա էր մոմավառությանը:
«Հպարտ եմ, որ հայ եմ, որ ունեմ այդպիսի արմատներ: Մեր համայնքը շատ ամուր է եւ այստեղ բազմաթիվ մարդիկ են փորձում հասնել Ցեղասպանության ճանաչմանը, ես էլ նրանց կողքին եմ», - Ամերիկայի Ձայնի տված հարցազրույցում ասաց Ռեքս Քալամյանը:
Մարիամ Մելքումյանը և Նարեկ Գրիգորյանը ընդգծեցին ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների կարևորությունն ու ազդեցությունը միջազգային ասպարեզում:
«Եթե ամերիկյան կառավարությունը ճանաչի, դա մեծ ճնշում կգործադրի Թուրքիայի կառավարության վրա, որը պարտավոր կլինի ինչ-որ չափով գնալ փոխզիջումների», - ասաց Նարեկ Գրիգորյանը:
«Մեր այստեղ լինելը շատ կարեւոր է նաեւ քանի որ եթե Հայաստանում մենք չենք կարող լինել, չենք կարող գնալ բոլոր մարդկանց հետ ապրիլի 24-ին, այստեղ մեր լինելը հենց Սպիտակ տան առջեւ շատ կարեւոր է», - hավելեց Մարիամ Մելքումյանը:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ կարևորեց այսօրվա հավաքը խոչրհրդանշում է Միացյալ նահագների հայ համայնքի պահանջը իրենց իշխանությունից.
«Էրդողանն իր ուղին ընտրել է, նա շարունակելու է հերքել, սակայն, Ամերիկային անհրաժեշտ չէ աջակցել Էրդողանին եւ մենք այսօր ասում ենք՝ Թուրքիան արժանի չէ, որպեսզի դրա համար արգելափակվի Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից»:
Անդրադառնալով Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակին Արամ Համբարյանը հավելեց, որ ամերիկահայ համայնքի մշակույթի մի մասն է պայքարել անարդարության դեմ.
«Երբ անարդարություն ենք տեսնում հայկական աշխարհի տարբեր մասերում, այդ թվում եւ Հայաստանի ներսում, ապա բողոքն առողջարար է: Մարդիկ շատ ճիշտ են, երբ բարձրաձայնում են սեփական կարծիքը իրենց, իրենց ընտանիքների, երկրի ու ժողովրդի համար կարեւորագույն հարցերի շուրջ: Դա ժողովրդավարության բնական մասն է»:
Իրավունքների հետ գալիս են նաեւ պարտականությունները, ուստի, բողոքները պետք է լինեն խաղաղ եւ օրինական, սակայն, բողոքն ինքնին պայքարի ընդունելի տեսակ է, ի վերջո, կարելի է հայտնել դիրքորոշումը քվեաթերթիկով, իսկ կարելի է՝ բողոքի տեսքով:
Ըստ տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի՝ ԱՄՆ-ի նախագահը յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ` հիշատակելով Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության հայերի զանգվածային կոտորածները:
Նշենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները՝ազդեցիկ կոնգրեսականներ ու սենատորներ արդեն նամակով դիմել են ԱՄՆ-ի նախագահին Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ապրիլի 24ին հանդես գալ հայտարարությամբ և օգտագործել Ցեղասպանություն եզրը: