Թուրքիան հայտարարում է, որ իր թշնամիները Հունաստանում զգում են իրենց անվտանգ: Երկրի վարչապետ Բինալի Յիլդիրիմը քննադատել է Հունաստանի գործողությունները, որը հրաժարվում է Թուրքիային հանձնել հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող մի շարք թուրք զինվորների, ովքեր Հունաստանում խնդրել են ապաստան:
Խոսելով լրագրողների հետ այդ հարցի շուրջ՝ վարչապետ Յիլդիրիմն անընդունելի է համարել Հունաստանի նման վարքագիծը ու ընդգծել, որ այն խափանում է թուրք-հունական հարաբերությունները:
«Կարծում եմ, որ պետք է դիտարկենք Հունաստանը որպես մեր թշնամի, քանի որ նրա գործողությունները բնորոշ են թշնամի երկրի գործողություններին: Անընդունելի է, երբ Գյուլենի կառույցի անդամները, որոնք ակտիվորեն ներգրավված էին մեր երկրում հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ, պաշտպանություն են ստանում և ջերմորեն ընդունվում: Ցավոք, վերջին շրջանում Գյուլենի կառույցի անդամները սկսել են դիտարկել Հունաստանը որպես անվտանգ գոտի, որը վնասում է մեր բարեկամությունն ու հարևան երկրների հարաբերությունները»,- ասում է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը:
Հիշեցնենք, որ մարտին Աթենքի դատարանը մերժել էր Թուրքիայի իշխանությունների դիմումը՝ վերջիններիս հանձնել թուրքական բանակի 8 զինծառայողներին, ովքեր մեղադրվում են հեղաշրջմանը աջակցելու մեջ: Զինծառայողները քաղաքական ապաստան են խնդրել Հունաստանի իշխանություններից: Թուրքիան երեք անգամ դիմել է զինվորներին հանձնելու խնդրանքով:
Facebook Forum