Ռուսաստանի չորրորդ ամենամեծ քաղաքում՝ Եկատերինբուրգում տեղի օրենսդիրները քվեարկել են քաղաքապետի ուղիղ ընտրությունների վերացման օգտին՝ այսպիսով կանխելով գործող քաղաքապետ Եվգենի Ռոյզմանի վերընտրվելու հնարավորությունը: Վերջինս մշտապես քննադատության էր ենթարկում Կրեմլն ու տեղի այլ իշխանությունների մարմինները:
Հիշեցնենք, որ 2013 թվականին ընդդիմադիր Եվգենի Ռոյզմանն անսպասելիորեն հաղթեց քաղաքապետի ընտրություններում՝ առավելության հասնելով «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցչի հանդեպ:
Ռոյզմանը քննադատության էր ենթարկում նախագահ Վլադիմիր Պուտինի և Սվերդլովի շրջանի Կրեմլին աջակից նահանգապետի վարած քաղաքականությունը: Նա աջակցում էր ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն, ում արգելվել էր մասնակցել նախագահական վերջին ընտրություններին:
Երեքշաբթի օրը Եկատերինբուրգ քաղաքի օրենսդիր մարմինը 42 կողմ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ քվեարկել է ի օգուտ քաղաքապետի ուղիղ ընտրությունների վերացմանը: Ապագայում քաղաքապետը կընտրվի ընտրված օրենսդիրների կազմից հատուկ հանձնաժողովի ցուցակի միջոցով:
Այս օրենսդրական նախաձեռնությունն առաջարկել էր նահանգապետ Եվգենի Կուիվաշևը: Նրա կողմնակիցները հավաստիացնում են, որ այս կերպ հնարավոր է խնայել միջոցներ:
Ապրիլի 2-ին շուրջ 2 հազար քաղաքացիներ բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով վերականգնել ուղիղ ընտրությունները և պաշտոնից ազատել նահանգապետին: Նրանց պաստառների վրա գրված էր, որ ցանկանում են ունենալ քաղաքապետ, այլ ոչ թե խամաճիկ:
Գործող քաղաքապետ Ռոյզմանը, ում ժամկետը լրանում է սեպտեմբերին, միացել էր ցուցարարներին:
«Իհարկե ողջ լիազորությունները պետք է վերադարձվեն քաղաքագլխին, և քաղաքը պետք է շարժվի այլ ուղղությամբ և ունենա այլ դիրքորոշում»,- հայտարարել էր քաղաքապետ Եվգենի Ռոյզմանը։
Նա ընդգծել է, որ ընտրությունները ժողովրդավարության կարևոր բաղադրիչն են և կոչ արել անմիջապես վերադարձնել ուղիղ ընտրությունները:
«Այսպիսով մենք եվրոպական քաղաք ենք և հավասար ենք բոլոր եվրոպական քաղաքներին: Եթե ուղիղ ընտրությունը վերացվի, ապա դա կլինի քայլ դեպի հետ»,- նշում է գործող քաղաքապետը:
Այս պահին մոտ 10 քաղաքներ շարունակում են պահպանել քաղաքապետի ուղիղ ընտրության համակարգը: Մնացածներում քաղաքապետի պաշտոնը նշանակովի է:
Կրեմլը հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել Եկատերինբուրգի զարգացումների վերաբերյալ:
Facebook Forum