Ռազմական բախման վտանգի առջեւ են այսօր կանգնած Մերձավոր Արեւելքի ռազմական առումով երկու ամենահզոր պետությունները՝ Իրանն ու Իսրայելը։ Պատերազմ, որը բռնկվելու դեպքում, կարող է իր մեջ ներքաշել ռազմական առումով աշխարհի՛ երկու ամենահզոր պետությունները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը։
Իսրայելին մեծապես անհանգստացնում է Սիրիայի տարածքում Իրանի ու Ռուսաստանի ռազմական ներկայությունը, երբ Մոսկվան ու Թեհրանն աջակցում են Բաշար ալ Ասադի կառավարությանը։ Իսրայելը, չունենալով Իրանի հետ պատերազմի մեջ մտնելու շահ, հայտարարում է, որ եթե Հեզբուլլահի որեւէ հրթիռ ընկնի որեւէ մանկապարտեզի կամ դպրոցական ավտոբուսի վրա, կհանգեցնի Իսրայելի կողմից ուժգին հակահարվածի։ Եվ ինչպես մեծաթիվ փորձագետներ են ասում, եկող ամիսների ընթացքում, եթե չսկսվի ռազմական մեծ հրդեհ այստեղ, Իսրայել-Իրան ռազմական ինչ որ առերեսումն անխուսափելի է երրորդ ճակատում։
Իրանն ու Լիբանանի Հեզբուլլահն իրենց ուժերն են կենտրոնացնում Գոլանի բարձունքների մոտակայքում, եւ Իսրայելը հասկանում է, որ դրա նպատակն այս բարձունքներն ընդդեմ Իսրայելի հրթիռների թռիչքահարթակի վերածելն է։
Վերլուծաբաններից շատերն են ասում, որ եթե Միացյալ Նահանգները հրաժարվի միջուկային զենքերը չտարածելու մասին Իրանի ու միջազգային համայնքի միջեւ ստորագրված պայմանագրից, իրավիճակն ավելի կսրվի։ Այդ դեպքում Վաշինգտոնը կարող է լուռ համաձայնություն հայտնել Իսրայելին, եթե վերջինս ռազմական հարված հասցնի Իրանի ուղղությամբ։
Անցած փետրվար ամսին Մերձավոր Արեւելքն արդեն կանգնել էր լայնածավալ պատերազմի պռնկին, երբ Իսրայելի օդային տարածքում կործանվեց իրանական անօդաչու մի թռչող սարք, իսկ իսրայելյան մի կործանիչ Սիրիայում կործանվեց իրանական բազայի դեմ իրագործած հարձակման ժամանակ։ Սակայն այս ամենից անկախ, այս երկու երկրներից որեւէ մեկը շահագրգռված չի կարող լինել նման պատերազմ սկսելու մեջ։ Ու ինչպես հրեա փորձագետներն են ասում, Իսրայելը նման քայլի կգնա միայն այն դեպքում, երբ ՝՝դանակը հասնի կոկորդին՛՛։
Անցյալ շաբաթ Իսրայելն, առաջին անգամը լինելով, ընդունեց, որ ինքն է 2ՕՕ7 թվականին ռմբակոծել Սիրիայի այն տեղանքը, որտեղ ըստ կասկածների, գտնվել է միջուկային ռեակտոր։ Իսրայելը, խոսքն ուղղելով Իրանին, հայտարարել է, թե այս հարձակումը պիտի ապացուցի, որ ինքը թույլ չի տալու նաեւ միջուկային զենքերի արտադրություն Իրանում։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այն արդյունավետ կերպով համագործակցում է Իրանի հետ, սակայն հետաքրքրված է նաեւ Իսրայելով։ Բայց եթե գա նրանց միջեւ ընտրություն կատարելու անհրաժեշտություն, կնախընտրի Իրանը։
Իսրայելը վստահ է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում չի ունենա ԱՄՆ-ի միջամտության կարիքը։ Սակայն լավ էլ գիտի, որ նման գործողություններ սկսելու դեպքում Թրամփի վարչակազմն իրեն չի մղի զսպվածության գիրկը։ Բայց ԱՄՆ-ը կշարունակի իր ուժերը պահել Սիրիայում ոչ միայն Դաեշ ծայրահեղական խմբավորման դեմ պայքարելու համար, այլ նախ եւ առաջ՝ որպես ազդանշան Դամասկոսին ու Թեհրանին։ Սակայն քանի որ ԱՄՆ-ը Ռուսաստանին նկատելիորեն զիջում է Սիրիայում տեղակայված զորքերի թվաքանակով, Մոսկվան այստեղ ստանում է առաջին խոսքի իրավունքը։ Ու եթե պատահի, որ ռուսական ուժերը ենթարկվեն ամերիկյան դիրքերից հարվածների, ինչպես գեներալ Վալերի Գերասիմովն է ասել, Ռուսաստանը կտա ուժգին պատասխան։
Նման իրավիճակից խուսափելու ուղիներ որոնելու նպատակով անցյալ շաբաթ հեռախոսազրույց անցկացվեց երկու երկրների նախագահների միջեւ, որոնք ունեն շուտով հանդիպելու ծրագիր։ Սակայն Թրամփ-Պուտին գագաթաժողովի կազմակերպումն այնքան էլ դյուրին չէ, երբ ռուս-ամերիկյան հարաբերությունները հայտնվել են Սառը պատերազմից ի վեր ամենացածր մակարդակում։
Facebook Forum