Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դպրոցականները ծնողների անգործությունից դժգոհ՝ երթ կազմակերպեցին


Դպրոցականները դեռեւս չունեն ձայնի իրավունք, սակայն, նրանք ապագա ընտրողներ են: Այդ մասին են նրանք հիշեցրել Միացյալ Նահանգներով մեկ կայացած «Հանուն մեր կյանքի» երթի ընթացքում:

Երթի մասնակիցների պահանջը մեկն էր՝ խստացնել ԱՄՆ-ում զենքի վաճառքը: Երթը նախաձեռնվել էր փետրվարի 14-ին Ֆլորիդայի Փարքլանդի ավագ դպրոցում տեղի ունեցած ողբերգական հրաձգությունից հետո, երբ դպրոցի նախկին աշակերտը սպանեց 14 դպրոցական եւ 3 ուսուցիչ: Այդ ողբերգությունից հետո դպրոցականներն, իրենց իսկ խոսքով, որոշեցին՝ բավարար է, եթե չափահաս քաղաքացիները չեն կարող կարգավորել զենքի վաճառքի խնդիրը, ժամանակն է, որ ձայնը բարձրացնեն անչափահասները:

12-ամյա Դենիելը եկել էր պահանջելու, որպեսզի արգելվի զենքի վաճառքը հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց: «Մենք ենք ձեր ապագան, թույլ մի՛ տվեք, որ մեզ սպանեն» ասում է Դենիելը.

«Մենք ենք ձեր ապագա բժիշկները, ապագա քաղաքական գործիչները, ապագա նախագահներն ու վարչապետները, ձեր ապագան, եւ մեր սերունդն անպայման 18-րդ դարից մնացած այս խնդրի լուծումը կգտնի»:

Զենք կրելու իրավունքն ամրագրված է Միացյալ Նահանգների Սահմանադրության մեջ եւ դրա կողմնակիցները դպրոցականների երթը Սահմանադրության դեմ ոտնձգություն են համարում: Երթի մասնակիցները սակայն պահանջում են ոչ թե արգելել զենք կրել, այլ՝ ընդամենը խստացնել դրա վաճառքը, պատմում է Մերիլենդի բնակիչը, ով փոխառելով դպրոցականների աշխուժությունը, ներկայանում էր միայն որպես Moon Dancer` Լուսնի վրա պարող.

«Մենք կողմ ենք զենք կրելուն, պարզապես, ոչ հարյուրավոր զենքեր կրելուն եւ ոչ այն զինատեսակների, որոնցով հնարավոր է անմիջապես մեծաթիվ մարդկանց սպանել»:

Իսկ ահա վեցամյա Էլ Ջեյը հոր, Լանս Թինսթմանի հետ եկել էր ասելու, որ ցանկանում է սովորել անվտանգ եւ ապահով դպրոցում.

«Մենք չենք ցանկանում սպանվել եւ մեռնել»

«Մեր կարծիքով, ռազմական տիպի հրացանները չպետք է թույլատրվի ազատ կրել մեր երկրում, անհրաժեշտ է ավելի լավ պաշտպանություն», - ավելացնում է Էլ Ջեյի հայրը:

«Հանուն մեր կյանքի» երթի նախաձեռնողները հենց իրենք՝ դպրոցականներ են: Երթը կազմակերպվել է Հոլիվուդի հայտնի աստղերի աջակցությամբ: Ջորջ եւ Ամալ Քլունիներն առաջինն էին, ով երթի կազմակերպման համար նվիրատվեցին կես միլիոն դոլար: Նրանց օրինակին հետեւեցին Օփրա Ուինֆրին, Gucci ընկերությունը, այլ աստղեր: Երթի ընթացքում նրանցից շատերն այստեղ են, սակայն՝ հրաժարվում են խոսել. Այս օրը դպրոցականներին է, նրանք էլ պետք է խոսեն:

Իսկ դպրոցականներն իրենց խոսքում հավաքվածներին հիշեցնում են՝ հրազենի գնդակը կարող է խլել ցանկացած մարդու կյանք:

«Անկախ ձեր ազգությունից, անկախ ձեր սեռական կողմնորոշումից, անկախ ձեր էթնիկ ծագումից, անկախ ձեր սեռից, անկախ նրանցից, թե որտեղ եք ապրում, որքան գումար եք վաստակում եւ որ կուսակցությանն եք պատկանում, արդյունքում վեճը գնում է կյանքի եւ մահվան միջեւ», - ասում է Փարքլանդի դպրոցի աշակերտ Ալեքս Ուինդը:

Facebook Forum

XS
SM
MD
LG