Չինաստանի նախագահ Սի Ծինպինը նախազգուշացրել է Թայվանին վերջինիս անջատողական նկրտումների պատճառով: Ելույթ ունենալով Ժողովրդական կոնգրեսի նիստի ժամանակ՝ նախագահն անդրադարձել է Թայվանի հիմնախնդրին՝ ընդգծելով, որ Պեկինը պատրաստ է անել ամեն ինչ, որ Թայվանն օգտվի Չինաստանի զարգացման բարիքներից և խաղաղ վերամիավորվի հայրենիքի հետ: Վերջերս ցմահ կառավարելու իրավունք ստացած նախագահ Ծինպինի խոսքը դահլիճը դիմավորեց բուռն ծափահարություններով:
«Չինաստանը պառակտելու որևէ գործողություն դատապարտված է ձախողման, կհանդիպի ժողովրդի դատապարտմանն ու կպատժվի պատմության կողմից»,- հայտարարել է Ծինպինը:
Թայվանի հիմնախնդիրը չափազանց զգայուն հարց է Պեկինի համար, որն ունի ռազմական հակամարտության վերածվելու հնարավորություն:
Նախագահի խոսքին արձագանքել է թայվանական կողմը:
«Կարծում եմ՝ մեզ չի հետաքրքրում, թե ինչ վերաբերմունք ունի որևէ երկիր մեր աշխատանքի հանդեպ: Մեր ջանքերը չեն դադարի: Հույս ունենք, որ կկարողանանք ավելի ակտիվ դեր ունենալ տարածաշրջանային խաղաղության, կայունության և բարգավաճման խրախուսման հարցում»,- նշել է Թայվանի արտգործնախարարության խոսնակ Էնդրյու Լին:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Թայվան այցելության մասին հրամանագիր, որով խրախուսում է ամերիկացի պաշտոնատար անձանց այցելելությունները Թայվան և հակառակը: Պեկինը պահանջել է Վաշինգտոնից դադարեցնել պաշտոնական շփումները Թայվանի հետ, սակայն մյուս շաբաթ արդեն նախատեսվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության բարձրաստիճան պատվիրակության այցը Թայվան:
Չինաստանի վերջին քաղաքական զարգացումները, ինչի արդյունքում նախագահ Սի Ծինպինը ստացավ ցմահ կառավարելու իրավունք, է՛լ ավելի են ընգծում Թայվանի ու Չինաստանի կառավարման համակարգերի տարբերությունները:
Facebook Forum