Դոնալդ Թրամփի վարչակազմի ճնշման ներքո՝ ԱՄՆ-ի Ներգաղթի ծառայությունը առաջիկայում ծրագրում է անօրինական ներգաղթյալների բացահայտմանն ուղղված հատուկ գործողություններ իրականացնել Կալիֆոռնիայում:
ԱՄՆ-ի Ներգաղթի ծառայությունը առաջիկայում ծրագրում է հատուկ գործողություններ իրականացնել Կալիֆոռնիայում՝ անփաստաթուղթ ներգաղթյալների բացահայտման և ձերբակալման նպատակով: Այս մասին վերջերս հանրությանը տեղեկացրել էր Օքլանդի քաղաքապետ Լիբի Շաֆը իր Twitter-յան գրառման մեջ, ինչպես նաև՝ հեռուստատեսությամբ:
«Ես չեմ ցանկանում խուճապ առաջացնել,պարզապես ցանկանում եմ տեղյակ պահել հանրությանը Ներգաղթի ծառայության ծրագրած հատուկ գործողությունների մասին, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն և տեղեկացված լինեն իրենց իրավունքների մասին», - հայտարարել էր Լիբի Շաֆը:
Սակրամենտո կատարած իր այցի ընթացքում ԱՄՆ-ի արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հայտնել էր իր վրդովմունքը Շաֆի հայտարարության առթիվ՝ ավելացնելով, որ նման քայլով Շաֆը վտանգի տակ է դնում դաշնային գործակալների անվտանգությունը:
Սեշնսը նաև հանրության համար վտանագավոր է որակել Կալիֆոռնիայի նահանգային օրենքները, որոնք պաշտպանում են անփաստաթուղթ ներգաղթյալների իրավունքները:
«Այն վնաս է հասցնում Կալիֆոռնիայի բնակիչներին և խոչընդոտում իրավապահ մարմինների աշխատանքը»,- իր ելույթում նշել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվար ամսից Կալիֆոռնիա նահանգը «ապաստան նահանգ» է համարվում անփաստաթուղթ ներգաղթյալների համար, ինչը նշանակում է, որ Ներգաղթի ծառայության տեսուչները չեն կարող առհասարակ որևէ մեկից քաղաքացիությունը ապացուցող փաստաթուղթ պահանջել: ԱՄՆ-ի սահմանադրությամբ՝ Ներգաղթի ծառայության աշխատակիցները չեն կարող նաև առանց նախապես տեղյակ պահելու, ստուգումներ իրականացնել որևէ հիմնարկությունում:
Չնայած քաղաքական իրավիճակի լարվածությանը՝ Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը խոստացել է, որ շարունակելու է պաշտպանել թե ՛ օրինական, և թե ՛ անփաստաթուղթ ներգաղթյալների իրավունքները: Նահանգապետը նաև նշել է, որ խնդիրը ոչ թե ճշմարտությունն ու Կալիֆոռնիայի նահանգային օրեքներն են, այլ՝ երկրի պառակտումը, ինչպես նաև՝ իշխանական լծակների չարաշահումն ու քրեորեն պատժելի գործողություններից մարդկանց պաշտպանելը: