ԱՄՆ-ը դատապարտում է Սիրիայի արեւելյան Ղութայի շրջանում միակողմանի հինգժամյա հրադադար հաստատելու Ռուսաստանի որոշումը: Թուրքական ուժերը գրոհներ են իրականացնում ընդդեմ Աֆրինի ու տալիս մինչ այժմ գրանցված ամենամեծ թվով զոհերն այստեղ:
Դամասկոսի արվարձանից քաղաքացիներին տարհանելու նպատակով մարդասիրական միջանցք բացելու Ռուսաստանի գաղափարը Թրամփի վարչակազմն անվանում է ‘’կատակ’’:
Ռուսաստանը վերջերս հայտարարել էր Սիրիայի արեւելյան Ղութայի շրջանում ամեն օր հինգժամյա միակողմանի հրադադար հաստատելու որոշման մասին, որպեսզի քաղաքացիական անձինք հեռանային մարդասիրական միջանցքով:
Սակայն մինչ այժմ որեւէ մեկը չի օգտվել ամենօրյա դադարից, քանի որ չեն վստահում ռուսների խոստումներին: Այս միջանցքով նաեւ չի անցել մարդասիրական որեւէ օգնություն:
Ինչպես ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նոուերթն է ասել, անհրաժեշտ է, որ Ռուսաստանն անի այն, ինչի շուրջ համաձայնություն է կայացվել ՄԱԿ-ում:
‘’Ռուսաստանը նույնպես քվեարկել է ամբողջ Սիրիայի տարածքում հրադադար հաստատելու որոշման օգտին: Սակայն այս որոշումն ուժի մեջ չի մտնում, ինչի մեջ իր պատասխանատվության բաժինն ունի Ռուսաստանը, քանի որ այն շարունակում է մարզել Սիրիայի կառավարական ուժերին, ու տրամադրել ռազմական սարքավորումներ: Իսկ սա մեծ մտահոգության պատճառ է ԱՄՆ-ի կառավարության համար’’:
Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան ասել է, թե ՄԱԿ-ը ‘’չի հրաժարվել ու չի հրաժարվելու’’ Սիրիայում 30-օրյա հրադադար հաստատելու իր պահանջից:
Արեւելյան Ղութան ապստամբ ուժերից հետ գրավելու նպատակով Սիրիայի կառավարական ուժերի կողմից երկու շաբաթ առաջ սկսված ռազմական գործողությունների արդյունքում մինչ օրս 600 մարդ է զոհվել:
Այլ հաղորդագրությունների համաձայն, թուրքական ռազմաօդանավերն ուրբաթ օրը հարձակումներ են գործել քրդաբնակ Աֆրինի ուղղությամբ, որի հետեւանքով կա տասնյոթ զոհ:
Քրդական Ժողովրդի պաշտպանության միավորումների շարքերում կրած կորուստների մասին ստացվում են հակասական տեղեկություններ: Իսկ Թուրքիայի զինված ուժերը հաստատել են, որ Աֆրինի դեմ իրականացված գործողությունների ընթացքում իրենք կրել են կորուստներ: Սպանվել է թուրք ութ զինվորական: Տասներեք այլոք ստացել են մարմնական վնասվածքներ, որոնցից մի քանի վիճակն օրհասական է:
Թուրքիայի կողմից հունվար ամսին Սիրիայի քրդական ուժերի դեմ սկսված ռազմական գործողության ընթացքում սա թուրքական զորքերի համար ամենաարյունալի օրն էր:
Facebook Forum