Մատչելի հղումներ

Հայաստանում և Սփյուռքում մեկնաբանում են նորընտիր նախագահ Սարգսյանի անցած ուղին և պաշտոնի ստանձնումը


Հայաստանի խորհրդարանն ընտրեց ՀՀ 4-րդ նախագահին: Այդ պաշտոնը ստանձնեց միակ թեկնածու Արմեն Սարգսյանը: Հայաստանում և Սփյուռքում մեկնաբանում են նոր նախագահի անցած ուղին և պաշտոնի ստանձնումը:

Հայաստանի խորհրդարանը երեկ ընտրեց հանրապետության 4-րդ նախագահին: Արմեն Սարգսյանը, ով միակ թեկնածուն էր, ստանձնեց նախագահի պաշտոնը:

«Կարծեմ, որ նա լավ թեկնածու է հայության առաջնորդ դառնալու համար ոչ միայն Հայաստանում»,- ասում է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը:

Վերջինս երկար տարիներ աշխատել է նորընտիր նախագահի հետ և կարևորում է Սարգսյանի մեծ փորձառությունը:

«Ես առիթ եմ ունեցել Արմենի հետ աշխատելու երկար տարիներ զանազան առիթներով: Նա մասնակցել է մեր ծրագրերին: Նա մեծ փորձառություն ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս»,- ընդգծոմ է Աֆեյանը:

Հաշվի առնելով, որ նոր Սահմանադրությամբ նախագահն օժտված է ավելի սահմանափակ լիազորություններով՝ Աֆեյանը գտնում է, որ նորընտիր նախագահ Սարգսյանի հիմնական գործառույթը պետք է դառնա համազգային միասնության ապահովումը:

«Քանի որ նոր Սահմանադրությամբ նախագահի դերն ավելի խորհրդանշական է, կարծում եմ նա պետք է դառնա բոլոր հայերի առաջնորդ, ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում, քանի որ դրա կարիքը մենք ունենք»,- ընդգծում է Աֆեյանը:

Քաղաքական վերլուծաբան Էմիլ Սանամյանն իր հերթին զուգահեռներ է անցկացնում 1996 թվականի հետ, երբ Արմեն Սարգսյանը ստանձնեց կառավարության ղեկավարի պաշտոնը:

«Սա արդեն երկրորդ անգամ է Արմեն Սարգսյանը հրավիրվում Հայաստան՝ բարձր պաշտոն զբաղեցնելու համար: 1996 թվականին նա ստանձնեց վարչապետի պաշտոնը: Իմ կարծիքով ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր իշխող ուժն այսպիսով փորձում է ուժեղացնել իր դիրքերը միջազգային ասպարեզում՝ այս պաշտոնում նշանակելով միջազգային մեծ փորձառություն ունեցող գործչի:

Քաղաքագետի կարծիքով նշանակումն ունի նաև ներքաղաքական նշանակություն:

«Ներքաղաքական առումով կարծում եմ, որ այս միջոցով փորձ է արվում շրջանցել քաղաքական մրցակիցներին՝ նախագահի պաշտոնում նշանակելով քաղաքական համակարգից դուրս գտնվող գործչի, ով Հայաստանում չունի քաղաքական թիմ, երկար տարիներ ապրել է դրսում և մրցակից չէ»,- ընդգծում է Սանամյանը:

Խորհրդարանական ընդդիմությունը դեմ հանդես եկավ Սարգսյանի թեկնածությանը: Նախագահի ընտրություններին նախորդած հարցուպատասխանի ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավորները կասկածի տակ են առել Արմեն Սարգսյանի վերջին 6 տարիներին միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու հանգամանքը, որը պարտադրված է Սահմանադրությամբ:

«Ձեր քաղաքացիության շրջանները մեկը մեկին համընկնում են Հայաստանում պաշտոն ունենալ-չունենալու հետ: Դուք ձեր կյանքի ընթացքում ՀՀ շարքային քաղաքացի ոչ մի օր չեք եղել: ՀՀ քաղաքացիությունից հրաժարված եւ դա ընդամենը որպես պաշտոնի հնարավորություն ունեցած մարդն արդյոք ունի բարոյական իրավունք ՀՀ նախագահ ընտրվելու»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Ելք» խմբակցության ղեկավարը նաև համաձայն չէ այն կարծիքի հետ, որ Արմեն Սարգսյանը կարող է ապահովել ազգային միասնականություն:

90 կողմ 10 դեմ քվեարկության արդյունքում նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանն իր առաջին ելույթում շնորհակալություն հայտնեց բոլոր օրենսդիրներին և ընգծեց.

«Ինչպես ասել եմ նախկինում, իմ երկար տարիների գիտելիքը, փորձառությունն ու ողջ եռանդս կներդնեմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու, ծառայելու ՀՀ-ը, հանրապետության քաղաքացիներին և մեր ողջ ժողովրդին»,- հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG