Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույց կազմակերպեց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջեւ՝ կոչ անելով ճանաչել եւ վերջ դնել անմեղ քաղաքացիների սպանություններին: Իրենց խոսքը ցուցարարներն ուղղել են ոչ միայն Ադրբեջանին այլեւ՝ Միացյալ Նահանգներին, ասում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը.
«Մենք Ամերիկայի կառավարությանը ասում ենք՝ շիտակ կողմի վրա պետք է կանգնես»:
Պաշտոնական Բաքուն հերքում է Սումգայիթի ջարդերի համար որեւէ պատասխանատվությունը՝ հիշեցնելով, որ այն տեղի է ունեցել Խորհրդային Միության օրոք, ուստի, դրա համար պատասխանատվություն պետք է կրեն խորհրդային իրավապահ մարմինները: Փոխարենը Ադրբեջանը մեղադրում է հայերին Հոջալիում խաղաղ ադրբեջանցիներին ոչնչացնելու համար:
Բողոքի հավաքված հայերը սակայն այդ մոտեցման հետ համաձայն չեն, հիշատակելով Սումգայիթին հետեւած բազմաթիվ վայրագություններ՝ Գուրգեն Մարգարյանից մինչեւ Քյարամ Սլոյան:
«Սումգայիթը 30 տարի առաջ եղավ, բայց կարող ենք ասել, որ եթե Ալիեւը եւ իր բանակը առիթ ունենան, նորից այդտեսակ սպանություն կանեն հայերի դեմ», - ասում է Արամ Համբարյանը:
Հատկանշական է, որ խորհրդային շրջանում պաշտոնական վարկածի համաձայն Սումգայիթում փետրվարի 27-29 զոհվել է 32 քաղաքացի, այդ թվում 26 հայ եւ 6 ադրբեջանցի, մինչդեռ՝ ոչ պաշտոնական տվյալներով Սումգայիթում սպանված հայերի թիվը հարյուրից ավելի է: Հատկանշական է նաեւ, որ խորհրդային ղեկավարությունն ամեն կերպ փորձում էր կոծկել սպանդի փաստը, այսպես, փետրվարի 27-ի երեկոյան, երբ Սումգայիթում արդեն սպանում ու բռնաբարում էին Խորհրդային Միության խաղաղ հայազգի քաղաքացիներին, «Время» լրատվական ծրագիրը պատմում էր Իսրայելում եւ Պանամայում բախումների մասին՝ խուսափելով Սումգայիթի ջարդերի որեւէ հիշատակումից:
Ընտանիքով բողոքի եկած Հայկանուշ Կազանչյանը ցանկանում է Սումգայիթի ողբերգության մասին հայտնել ամբողջ աշխարհին.
«Շատ կարեւոր է, որ աշխարհում իմանան, որ չի մոռացվում այսպիսի իրադարջությունը»:
Իսկ ահա երեք տարեկան Մարիամը դեռեւս լավ չի պատկերացնում Սումգայիթում տեղի ունեցածը, սակայն, ապրելով Միացյալ Նահանգներում, արդեն իսկ գիտակցում է հայրենի արմատները հիշելու կարեւորությունը:
Facebook Forum