Փետրվարի 7-ին Սիրիայում տեղի ունեցած ռուս-ամերիկյան բախման հետևանքով գրանցվեցին զոհեր ռուսական կողմից: Ռուսական պաշտոնական կողմը սկզբում հերքեց զոհերի առկայությունն, իսկ այնուհետև հաստատեց Ռուսաստանի 5 քաղաքացիների մահվան փաստը: Այլ աղբյուրների պնդմամբ ամերիկյան հրետակոծության արդյունքում ռուսական մասնավոր «Վագների խումբ» ռազմական ընկերության զինված ստորաբաժանման կորուստների թիվն անցնում է 200-ը: Դրա մասին է վկայում մամուլ արտահոսած ձայնագրությունները, ուր խմբի զինյալներից մեկը պատմում է ամերիկյան հրետակոծության հետևանքների մասին:
Պաշտոնական Մոսկվան ու իշխանամետ մամուլը ստիպված եղավ խոստովանել, որ փետրվարի 7-ի միջադեպի արդյունքում եղել են շատ ավելի մեծ թվով զոհեր և վիրավորներ Ռուսատանի և ԱՊՀ այլ երկրների քաղաքացիների շրջանում: Դրանք եղել են վերոհիշյալ Վագներ խումբ ընկերության ռազմական ստորաբաժանման զինյալները:
«Վագների խումբ» ռազմական մասնավոր ընկերությունը, որի գործունեությունը հակասում է Ռուսաստանի օրենսդրությանը, ձևավորվել է դեռևս է 2013 թվականին: Ընկերության ռազմական ստորաբաժանումներն ակտիվորեն ներգրավված են Ուկրաինայի, Վրաստանի ու Սիրիայի հակամարտություններում: Չնայած պաշտոնական Մոսկվան հերքում է պետության որևէ առնչությունը խմբի հետ, սակայն, ինչպես վկայում է Polygraph.info, կան բազմաթիվ ապացույցներ, որ այն գործում է պետական մարմինների հովանու ներքո:
Որոշ աղբյուրների համաձայն, մասնավոր այս կազմակերպության գործունեությունը ֆինանսավորում է Պուտինի մերձավոր օլիգարխ Եվգենի Պրիգոժինը, ով գործարար շահեր ունի Սիրիայի նավթային ու գազային հատվածում և ըստ անկախ մամուլի հաղորդման, կապ ունի Սիրիայում գործող «Եվրոպոլիս» ընկերության հետ: Վերջինս, ըստ Ասադի կառավարության հետ պայմանագրի, 25 տոկոս շահույթ է ստանում Սիրիայում նավթային կամ գազային յուրաքանչյուր հանքից, որը վերադարձվում է Ասադի կառավարության վերահսկողությանը: Անկախ աղբյուրները հաղորդում են, որ Ռուսաստանի իշխանությունները «Վագների խումբ»-ին են տրամադրել զինյալների պատրաստման համար հատուկ ռազմակայան Կրասնոդարի շրջանի Մոլկինո բնակավայրում, ուր տեղակայված է նաև ռազմական հետախուզության ռազմակայանը: Ըստ նախկին զինյալների, ընկերության տրամադրության տակ է ռազմական տեխնիկա, տանկեր, Գրադ կայաններ ու այլ տեսակի ծանր զենքի միջոցներ: Ընդհանուր զինյալների թիվը հասնում է 2000-ի:
Հայտնի է նաև, որ փետրվարի 7-ի բախման արդյունքում վիրավորված զինյալները Սիրիայից տեղափոխվել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական ինքնաթիռներով և բուժում են անցնում Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի ռազմական հոսպիտալներում: Բացի այդ, խմբի զինյալները ստանում են պետական պարգևատրումներ՝ չնայած ռուսական պետական մարմինների հերքմանը, որ այն որևէ առնչություն ունի պաշտոնական Մոսկվայի հետ:
Վերոհիշյալ փաստերը վկայում են պաշտոնական Մոսկվայի ու «Վագների խումբ» մասնավոր ռազմական ընկերության կապի մասին: Չի բացառվում, որ փետրվարի 7-ի միջադեպի արդյունքում, որի ժամանակ ռուսական ստորաբաժանումը փորձում էր վերահսկողություն հաստատել նավթարդյունաբերական եւս մեկ համալիրի նկատմամբ, Վագներ ընկերության ղեկավար կազմում կգրանցվեն փոփոխություններ:
Facebook Forum