Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փորձարկել են Arrow 3 տեսակի հակահրթիռային համակարգը, որը նախատեսված է հեռահար հրթիռների հարձակումներից պաշտպանվելու համար:
Միևնույն ժամանակ վերջերս ռազմական շքերթի ժամանակ Իրանը ցուցադրել է «Ղադր» անվանումը կրող 2000 կիլոմետր հեռահարության հրթիռը՝ չնայած ԱՄՆ-ի և իր դաշնակիցների ճնշումների դադարեցնելու հրթիռային ծրագրի զարգացումը:
Վերլուծաբանների կարծիքով Իսրայելում նոր հակահրթիռային համակարգի փորձարկումը կապված է իրանական նոր հեռահար հրթիռների ցուցադրման հետ: Իսրայելցի փորձագետները գտնում են, որ Իսրայելը կարող է արժանի պատասխան տալ իրանական յուրաքանչյուր ագրեսիայի:
«Ես կարծում եմ, որ եթե հայտարարվի պատերազմ, մենք կարող ենք հրթիռակոծել Իրանն այնպես, որ այն այլևս կարող չլինի շարունակել պատերազմը»,- ասում է Մոսադի նախկին ղեկավար Եֆրեյմ Հալևը։
Իսրայելի նախկին ազգային անվտանգության խորհրդական Յակով Ամիդրորն իր հերթին գտնում է, որ Իսրայելը պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնի ընդդեմ Իրանի, անգամ եթե դրանք բերեն պատասխան գործողությունների Լիբանանում Իրանի դաշնակից «Հեզբոլահ» շարժման կողմից, որն, ըստ Ամիդրորի, ղեկավարվում է Թեհրանից:
Սակայն Իրանի դեմ գործողությունների գաղափարն ունի նաև հակառակորդներ: Իսրայելի հրթիռային պաշտպանության կազմակերպության հիմնադիր Ուզի Ռուբինը գտնում է, որ նման գործողությունները վտանգավոր են և կապակայունացնեն իրավիճակը տարածաշրջանում, ուր նշմարվում է որոշակի առաջընթաց Իսրայելի և իր հարևան արաբական երկրների հարաբերություններում:
«Իրանի հրթիռային սպառնալիքը ստեղծել է շատ անսովոր մի իրավիճակ՝ միավորելով սունի արաբներին ու Իսրայել։ Ստեղծել են Իսրայելի ու արաբական այլ երկրների միջև համագործակցության հիմքեր»,- ասում է Ռուբինը:
Հիշեցնենք, որ Իսրայելը շարունակում է պնդել, որ անհրաժեշտ է արգելել Իրանի հեռահար հրթիռային ծրագրի զարգացումն ու կոշտացնել 2015 թվականի միջուկային համաձայնագրի պայմանները:
Իրանն իր հերթին պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ է, իսկ հրթիռային ծրագիրը կրում է պաշտպանական բնույթ և բանակցման ենթակա չէ:
Facebook Forum