«Աշխարհով մեկ իրավապաշտպանները հալածանքների են ենթարկվում», - ներկայացնելով Amnesty International-ի «Մարդու իրավունքների իրավիճակը» 2018 թվականի զեկույցը, կազմակերպության ներկայացուցիչ Մարգարեթ Հուանգը ահազանգում է՝ չնայած որոշ առաջխաղացմանը, մարդու իրավունքների սահմանափակումներն աշխարհում ավելանում են:
Զեկույցի համաձայն, Հայաստանում հիմնական խնդիրները կապված են եղել ընտրական գործընթացի խախտումների եւ ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժի կիրառման հետ: Հարեւան Ադրբեջանում զեկույցը գրանցել է սեռական փոքրամասնությունների դեմ բռնությունների դեպքեր, ինչպես նաեւ Ադրբեջանի իշխանությունների կողմից քրեական հետապնդումներ իշխանական կոռուպցիան բացահայտած քաղաքացիների նկատմամբ.
«Կառավարությունները վախենում են իրենց քննադատող քաղաքացիներից, վախենում են, երբ բացահայտում են իրենց կոռուպցիոն գործարքները, վախենում են, երբ քաղաքացիները պահանջում են հարգել իրենց իրավունքները, ձերբակալում հրապարակայնորեն ելույթ ունեցողներին»:
Նույն իրավիճակն է նաեւ Ռուսաստանում, նշում է Մարգարեթ Հուանգը: Նրա խոսքով, Մոսկվան նաեւ շարունակում է ավելացնել քաղաքացիների ազատ կամաարտահայտման սահմանափակումներ մտցնել:
«Սա պայմանավորված է քաղաքացիական շարժման ակտիվացմամբ տարբեր երկրներում, ինչը եւ հանգեցնում է նման ճնշումների»:
Amnesty International-ը բավականին քննադատաբար է մոտենում նաեւ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող զարգացումներին: Հուանգի խոսքով, նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ում լուրջ հետընթաց է արձանագրվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Սակայն, թվարկելով ամենավատ վիճակում գտնվող երկրները, Մարգարեթ Հուանգն առաջին հերթին նշում է Հյուսիսային Կորեան, աֆրիկյան մի շարք բռնապետություններ, Իրանը եւ Թուրքիան.
«Թուրքիան անշուշտ ամենամտահոգիչ դեպքերից մեկն է: Թուրքիայում վերջին տարվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 50,000 մարդ, այդ թվում՝ մեր կազմակերպության տեղական ղեկավարությունը»:
Հատկանշական է, որ Մարգարեթ Հուանգի խոսքով, երբ Ռեջեփ Էրդողանին անցյալում բանտարկել էին Թուրքիայի նախկին իշխանությունները, նրա ազատության համար պայքարում էր հենց Amnesty International-ը: Իշխանության ղեկին կանգնելուց հետո սակայն, Էրդողանը, այլեւս չգնահատեց իրավապաշտպանների աշխատանքը:
Facebook Forum