Օրական ընդամենը մեկ գլանակ ծխելու դեպքում անգամ մեծանում է սրտի կամ ուղեղի կաթվածի վտանգը։
Վերլուծելով ավելի քան 140 հետազոտությունների արդյունքները՝ բրիտանացի գիտնականները եզրակացրել են, որ օրական մեկ ծխախոտ օգտագործելու դեպքում սրտի և ուղեղի կաթվածի վտանգը մեծանում է համապատասխանաբար 50 և 30 տոկոսով։
Չնայած ծխելու վնասակար ազդեցությունները փաստող ուսումնասիրություններին՝ աշխարհում մեկ միլիարդ մարդ շարունակում է ծխել, իսկ ծխելու հետևանքով մահանում է տարեկան յոթ միլիոն մարդ։
Մարդիկ հիմնականում սկսում են ծխել մինչև 21 տարեկանը, իսկ հաճախ նույնիսկ դեռահաս տարիքում։ Թոքաբանների ամերիկյան ընկերակցությունը կոչ է անում բարձրացնել ծխախոտ գնելու համար թույլատրելի տարիքը մինչև 21 տարեկան։
"Օրենքը արգելում է 18-ից ցածր տարիքի անձանց ծխախոտի վաճառքը։ Ուստի նրանք դիմում են իրենց ավագ ընկերներին, ում 18 տարին լրացել է։ Մինչդեռ շատ ավելի քիչ հավանական է, որ նրանք կդիմեն 20 կամ 21 տարեկան մարդկանց",- ասում է Թոմաս Քարը:
Առայժմ ծխախոտի վաճառքի տարիքային շեմը բարձրացրել են հինգ նահանգներում։ Ծխողների մասին վիճակագրությունը կարևոր է առողջապահական համակարգի կողմից ծխելը թողնելուն նպաստող և կանխարգելիչ ծրագրերի մշակման համար։
"Ծխելը թողնելու առումով լավագույն ցուցանիշներ գրանցած երկրներում թերևս գործում են ծխախոտի դեմ պայքարի բազմաթիվ միջոցներ",- նշում է Էմանուելա Գաքիդոուն:
Այդ միջոցներից են ծխախոտային արտադրանքի հարկերի և գնի բարձրացումը, որպեսզի դրանք մատչելի չլինեն հատկապես պատանիների համար, հանրային և աշխատանքային վայրերում ծխելու արգելքը և ծխախոտի գովազդի արգելումը։
"Դժվար է ասել, թե ծխելու դեմ պայքարի միջոցներից որն է առավել արդյունավետ, սակայն դրանց համատեղ կիրառումը, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային այլ կառույցների մշակած հակածխախոտային քաղաքականությանը հետևելը հանգեցնում է դրական արդյունքի",- ընդգծում է Գաքիդոուն:
Չնայած մի շարք երկրներում ծխախոտի օգտագործման ցուցանիշների կրճատմանը՝ ըստ մասնագետների, ծխողների թիվը չի նվազում, քանի որ բնակչությունը շարունակում է աճել։
Սակայն նրանք, ովքեր իսկապես փորձում են թողնել ծխելը, կարող են ի վերջո հաջողության հասնել և կանխել ծխախոտի հետ կապված հիվանդությունների առաջացման վտանգը։
Facebook Forum