Մատչելի հղումներ

Ներգաղթի օրինագծերի ընդունումը տապալվեց ԱՄՆ-ի Սենատում


Դեմոկրատներն ու հանրապետականները չեկան համաձայնության Սենատում ներգաղթի ոլորտի բոլոր չորս նախաձեռնությունների շուրջ: Կողմերը մեղադրում են միմյանց:

ԱՄՆ-ի Սենատը համաձայնության չի եկել ներգաղթի վերաբերյալ բոլոր 4 օրենսդրական փաթեթների շուրջ, որոնցից մեկը պետք է անօրինական երիտասարդ ներգաղթյալներին հնարավորություն ընձեռեր ստանալ քաղաքացիություն:

Արդյունքում Մարտի 5-ի դրությամբ, երբ լրանում է վերջիններիս հետ կապված DACA ծրագրի ժամկետը, երիտասարդ անօրինական ներգաղթյալները հայտնվում են արտաքսման վտանգի առջև:

Բացի այսպես կոչված «դրիմերների» խնդրի, ԱՄՆ-ի Սենատում տապալվեցին նաև սահմանային անվտանգության ուժեղացման նախագահ Թրամփի նախաձեռնության և ներգաղթյալներին ապաստան տրամադրող քաղաքային իշխանությունների նկատմամբ համապատասխան պատիժ սահմանելու օրենսդրական փաթեթները:

«Միակ պատճառը, որ Սենատը չեկավ համաձայնության DACA-ի հարցում, դա նախագահ Թրամփն է, ով ստեղծել է խնդիր՝ անցած օգոստոսին դադարեցնելով DACA ծրագիրը: Այդ որոշումից ի վեր նախագահ Թրամփը խոչընդոտել է յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնության ընդունումը»,- հայտարարել է Սենատում դեմոկրատների առաջնորդ, սենատոր Չարլս Շումերը:

«Մենք դադարեցնում ենք ընտանիքի անդամների շղթայական ներգաղթը, գրին քարտի խաղարկությունը և ուղի ենք հարթում դեպի քաղաքացիություն շուրջ 1,8 միլիոն DACAծրագրի մասնակիցների համար: Սա է միակ տարբերակը, որը կարող է օրենքի ուժ ստանալ, քանի որ նախագահը համաձայն է ստորագրել այն»,- հայտարարել է հանրապետական սենատոր Չարլս Գրեսլին:

Սպիտակ տունը հանդես է եկել այս առիթով հայտարարությամբ, ուր ընդգծել է, որ դեմոկրատները միտումնավոր խաթարել են նախագծի ընդունումը, որը թույլ կտար քաղաքացիություն շնորհել երիտասարդ անօրինական ներգաղթյալներին ու ավելի ապահով դարձնել երկրի սահմանները:

Հիշեցնենք, որ շուրջ 800 հազար «դրիմերներ» օգտվում էին DACA ծրագրի տրամադրած հնարավորություններից, որն ընդունել էր նախկին նախագահ Օբամայի վարչակազմը: Նախագահ Թրամփն իշխանության գալուց հետո դադարեցրեց ծրագիրը՝ մարտի 5-ը սահմանելով որպես վերջնաժամկետ նրանց վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG