Մատչելի հղումներ

Նիդերլանդների խորհրդարանն աջակցում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու նախագծերը


Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատի քաղաքական ուժերը սատարում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևերի ճանաչումը:

Ինչպես տեղեկացնում է NLTimes նիդերլանդական պարբերականը, Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը՝ Թվիդ Քամերը հինգշաբթի օրը աջակցություն է հայտնել 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևի վերաբերյալ:

Առաջին փաստաթուղթն արձանագրում է, որ Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը «ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»: Մյուս նախագիծը կոչ է անում Նեդիրլանդների կառավարության անդամ նախարարին կամ պետքարտուղարին մասնակցել ապրիլին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հայաստանում կազմակերպված սգո արարողությանը:

Երկու օրենսդրական նախագծերը ներկայացրել է «Քրիստոնեական միություն» կուսակցության պատգամավոր Ջոել Վուրդևինդը: Իշխող բոլոր չորս քաղաքական ուժերը կողմ են արտահայտվել միջնորդություններին:

Նախկինում, դեռևս 2004 թվականի դեկտեմբերին Թվիդ Քամերն ընդունել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձև, որով կառավարությանը կոչ էր անում հանդես գալ Հայոց ցեղասպանության ճանաչման դիրքերից և Թուրքիայի հետ հարաբերություններում մշտապես բարձրացնել այս հարցը: Այդ ժամանակ ևս նախագիծը ներկայացվել էր «Քրիստոնեական միություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից և արժանացել ձայների ճնշող մեծամասնությանը:

Ինչպես արձանագրում է NLTimes պարբերականը, Նիդերլանդների ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Նիդերլանդների իշխանությունները թույլ չտվեցին Թուրքիայի նախարարներին մասնակցել Թուրքիայի հանրաքվեից առաջ ի աջակցություն նախագահ Էրդողանի սահմանադրական բարեփոխումների փաթեթների Նիդերլանդներում կազմակերպված հանրահավաքներին: Նիդերլանդները պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Թուրքիայից, իսկ հարաբերությունները երկու երկրների միջև շարանակում են մնալ լարված:

Թուրքիայի արտգործնախարարությունն իր մոտ է հրավիրել Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Վեսթրեյթին, ում հայտնել է իր դժգոհությունները վերոհիշյալ նախագծերի կապակցությամբ:

Սպասվում է, որ այդ օրենսդրական նախաձեռնությունների ընդունումն է՛լ ավելի կսրի թուրք-նիդերլանդական պաշտոնական հարաբերությունները:

Facebook Forum

XS
SM
MD
LG