Մատչելի հղումներ

Կոնգրեսական Ադամ Սմիթ: Պետք է հասկանալ, թե ինչպես հեռացնել Պուտինին


Կոնգրեսական Ադամ Սմիթ
Կոնգրեսական Ադամ Սմիթ

Վաշինգտոնում Ռազմավարական միջազգային հետազոտությունների կենտրոնը կազմակերպել էր կազմակերպության պատրաստած անվտանգության ոլորտի ամերիկյան օգնությանը նվիրված զեկույցի շնորհանդես, որի հիմնական բանախոսն էր բարձրաստիճան կոնգրեսական Ադամ Սմիթը:

«Վերջին տարիներին, ինչպես արտացոլված է ԱՄՆ-ի ազգային պաշտպանության և անվտանգության ռազմավարությունում, կարելի է ակնկալել անվտանգության ուղղված արտաքին օգնության ուղեգծի փոփոխություն՝ գլոբար մարտահրավերներին դիմակայելու համար»,- արձանագրում է Ռազմավարական միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Մելիսա Դալթոնը: Վերջինս ղեկավարել է աշխատանքային մի խումբ, որը պատրաստել է ԱՄՆ-ի անվտանգության ոլորտի արտաքին օգնության վերաբերյալ զեկույց:

«Ռազմավարական միջազգային հետազոտությունների կենտրոնը» իրականացրել է 9 ամսյա հետազոտություն՝ ուսումնասիրելով վերահսկողության և հաշվետվության այն մեխանիզմները, որոնք օգտագործում է Միացյալ Նահանգները անվտանգության ասպարեզում իր արտաքին օգնության արդյունավետության գնահատման համար»,- նշում է Դալթոնը:

Զեկույցի շնորհանդեսին հանդես եկավ ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի բարձրաստիճան անդամ, Ադամ Սմիթը: Կոնգրեսականն արձանագրեց, որ ԱՄՆ-ի անվտանգության ասպարեզի արտաքին օգնության հիմնական նպատակներից է ստեղծել համապատասխան միջավայր և համագործակցային հարաբերություններ, որոնք կնպաստեն տարբեր տեսակի սպառնալիքների վերացմանը։ Այդ հարցում նա կարևորում է տարբեր գերատեսչությունների միջև համագործակցությունը:

«Անվտանգությունը միայն ռազմական ոլորտը չէ, այն ավելի լայն հասկացություն է»,- ընդգծեց կոնգրեսականը:

Նա խոսեց նաև անցած տարի մեկնարկած բարեփոխումների մասին` ընգծելով դրանց ավելի ընդգրկուն դարձնելու կարեւորությունը: Այս առումով բարձրաստիճան կոնգրեսականն անդրադարձավ պաշտպանության նախարարության և պետքարտուղարության միջև հարաբերություններին:

«Եթե մի կողմից ունենք պաշտպանության նախարարության բյուջեի աճ, իսկ մյուս կողմից պետքարտուղարության համար նախատեսված միջոցների կրճատում, ապա այս իրավիճակը բարդացնում է համագործակցային մոտեցման կիրառումը»,- արձանագրեց կոնգրեսականը:

Անվտանգության օգնության տեսանկյունից կոնգրեսական Սմիթը խոսեց արտաքին քաղաքական մարտահրավերների մասին, մասնավորապես Մերձավոր Արևելքի զարգացումներին:

Նա կոչ արեց դիվանագիտական լուծում գտնել թուրք-քրդական և քուրդ-իրաքյան հակասություններին՝ ընդգծելով, որ քրդերն արժանի են անկախության, սակայն պետք է հաշվի առնել Թուրքիայի շահերը:

«Մենք պետք է կարգավորենք այս խնդիրը: Ես ցանկանում եմ աջակցել քրդերին, գտնում եմ, որ նրանք արժանի են նույնիսկ անկախության: Կարծում եմ հարևան երկրները խոհեմ կվարվեն, եթե տրամադրեն նրանց անկախություն: ԱՄՆ-ը պետք է անի ավելին քրդերի պահանջը աջակցելու հարցում՝ Թուրքիայի ու հատկապես Իրաքի վրա ազդեցություն գործելու առումով»,- նշել է կոնգրեսականը:

Խոսելով հետխորհրդային երկրներին տրամադրվող անվտանգության օգնությանը, մասնավորապես՝ Ուկրաինային ու Վրաստանին ՝ կոնգրեսականն ընդգծեց Ռուսաստանի սպառնալիքներին հակազդելու կարևորությունը: Ըստ նրա, Ռուսաստանին հակազդելու համար անհրաժեշտ է այս երկրներին տրամադրվող օգնության միջոցով մեծացնել այն գինը, որը Մոսկվան վճարում է իր ապակառուցողական քաղաքականության դիմաց:

Նա քննադատեց Պուտինի վարած քաղաքականությունը ՝ շեշտելով, որ միայն վերջինիս հեռանալուց հետո հնարավոր է բազմաբեևեռ աշխարհում Մոսկվային դիտարկել որպես կառուցողական գործընկեր:

«Ամերիկյան գերիշխանության ներքո միաբևեռ աշխարհը երբեէ իրեն չի արդարացրել, անհրաժեշտ է բազմաբևեռ աշխարհ, որտեղ գերտերությունները շահագրգռված են խաղաղության և կայունության մեջ: Այդ երկրներից են ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, կարծում եմ նաև Ռուսաստանը, սակայն առանց Պուտինի»,- ընդգծեց կոնգրեսական Սմիթը:

Facebook Forum

XS
SM
MD
LG