ԱՄՆ-ի նախագահն ուրբաթ օրը ստորագրեց երկրի բյուջեի օրինագիծը, որը նախապես հաստատվել էր Կոնգրեսում: Դրա արդյունքում վերաբացվեցինի դաշնային կառավարությանը պատկանող հաստատությունները, որոնք մոտ հինգ ժամ փակ էին մնացել անհամաձայնության արդյունքում:
ԱՄՆ-ի դաշնային կառավարության 650 էջանոց բյուջեն, որը հաստատվեց Կոնգրեսի, ապա մի քանի ժամ անց` նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, նախատեսում է հավելյալ 300 միլիարդ դոլար պաշտպանական ու ներքին ծախսերի համար:
Ու քանի որ բյուջեն հաստատվեց, մեծացան դրիմերների հույսերը, որ հասել է իրենց խնդիրը լուծելու ժամանակը: Հիշեցնենք, որ դրիմերներն այն երիտասարդներն են, որոնց մանուկ հասակում Միացյալ Նահանգներ են տեղափոխել առանց փաստաթղթերի ու հիմա նրանք կանգնել են երկրից արտաքսվելու վտանգի առջեւ:
Նրանցից 700 հազարը նախկին նախագահ Օբամայի վարչակազմի օրոք ստացան օրինական բնակվելու ու սովորելու կարգավիճակ, ինչի ժամկետը լրանում է մարտի սկզբին: Դեմոկրատ կոնգրեսականները նրանց այս խնդրի լուծումը կապում էին բյուջեն հաստատելու պայմանի հետ:
Սենատի դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը սա լավ գործարք է համարում` ավելացնելով, թե հիմա կարող են միասնաբար աշխատել հանուն դրիմերների երազանքների իրականացման:
Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելի խոսքերով, որեւէ սենատոր չի կարծում, որ այս բյուջեն կատարյալ է:
‘’Սակայն գիտեմ, որ սա մեր զինված ուժերի վերակառուցումը սկսելու ու ամերիկացիների շատ ու շատ խնդիրներ լուծելու համար ամենալավ հնարավորությունն է’’:
Իսկ այդ խնդիրներից առաջինն իհարկե ներգաղթի խնդիրն է: Ներգաղթի շուրջ քննարկումները կենտրոնանալու են նախագահ Թրամփի առաջարկած ծրագրի վրա, ինչն ընդգրկում է սահմանային անվտանգությանը, դրիմերների համար քաղաքացիության հնարավորություններ ստեղծելուն, գրին քարթի խաղարկությունն ու ընտանիքների վերամիավորման ծրագիրը դադարեցնելուն վերաբերող կետերը:
Սակայն Սենատի կողմից ընդունված որեւէ օրինագիծ պիտի նորից սկսի քննարկվել Ներկայացուցիչների պալատում:
Իսկ այս պալատի հանրապետական նախագահ Փոլ Ռայընը խոստացել էր, որ այստեղ լուծում կտրվիփախստականության խնդրին ու ԴԱԿԱ ծրագրին, բյուջեի հաստատումից հետո: Բյուջեն հաստատված է, ու բնական կհամարվեր հավատալը, որ կլուծվեն այս խնդիրներն այնպես, ինչպես խոստացել էին Սենատի ու Ներկայացուցիչների պալատի ղեկավարները: Բայց կարելի է ենթադրել նաեւ, որ դեմոկրատների ու հանրապետականների միջեւ հաստատվել է ոչ թե այսպես ասած խաղաղություն, այլ ժամանակավոր զինադադար, որը նորից կարող է վերածվել պայքարի, երբ սկսվեն փախստականների ու դրիմերների խնդիրների քննարկումները:
Facebook Forum