Մատչելի հղումներ

Թրամփի նախկին խորհրդականին 1 շաբաթ ժամանակ է տրվել


Դոնալդ Թրամփի երբեմնի ընկեր, ռազմավարական հարցերով գլխավոր խորհրդական Սթիվ Բենոնը երեքշաբթի կրկին հրաժարվել է պատասխանել Սենատի անվտանգության հարցերով հանձնաժողովի հարցերին:

Սպիտակ տան ռազմավարական հարցերով նախկին խորհրդական Սթիվ Բենոնը ունի մեկ շաբաթ ժամանակ Սենատի անվտանգության հարցերով հանձնաժողով ներկայանալու և ԱՄՆ-ի 2016 թվականի ընտրություններում ռուսական միջամտության գործը հետաքննող օրենսդիրների հարցերին պատասխանելու համար:

Բենոնը երեքշաբթի օրը չէր ներկայացել Սենատ՝ խուսափելով պատասխանել օրենսդիրների հարցերին: Բենոնին Սենատ չներկայանալու համար կարող են պատասխանատվության ենթարկել, սակայն պարզ չէ արդյոք Կոնգրեսը այժմ կդիմի այդ քայլին:

Նշենք, որ Թրամփի նախկին թիմակից և գլխավոր ստրատեգ Սթիվ Բենոնը անցյալ ամիս նույնպես հրաժարվել էր պատասխանբել Սենատի անվտանգության հարցերով հանձնաժողովի հարցերին՝ Սպիտակ տան ենթադրյալ ճնշումների պատճառով:

Սենատի անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Ադամ Շիֆը կարծում է, որ հանձնաժողովը, իր հանդեպ Բենոնի ցուցաբերած արհամարհական վերաբերմունքի համար պետք է դիմի հատուկ քայլերի ու հարկադրաբար պարտադրի նրան վկայություն տալ:

Ըստ որոշ աղբյուրների՝ Սթիվ Բենոնը, սակայն համաձայնել է պատասխանել ԱՄՆ-ի 2016 թվականի ընտրություններում ռուսական միջամտության գործը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հարցերին:

XS
SM
MD
LG