Միացյալ Նահանգներն իր մտահոգությունն է հայտնել հունվարի 12-ին ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի դատավճռի կապակցությամբ, ով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Դրա մասին է հաղորդել ԱՄՆ-ի պետքարտուղարության մամլո խոսնակ Հեդեր Նաուերթը:
Հիշեցնենք, որ Մուխթարլին, ով 2015 թվականից բնակվում էր Վրաստանում, անցած տարվա մայիսին ենթարկվել է առևանգման Թբիլիսիում ու տեղափոխվել Ադրբեջան, ուր նրան ձերբակալել են մաքսանենգության ու մի շարք այլ օրինախախտումների մեղադրանքով։
Մարդու իրավունքների պաշտպանության տեղական և միջազգային կառույցները մեղադրանքների հիմքում տեսնում են քաղաքական դրդապատճառներ և Մուխթարլիին դիտարկում են որպես քաղբանտարկյալ:
Նրա գործընկերները նշում են, որ Մուխթարլին ենթարկվել է հետապնդումների իր հրապարակումների համար, որոնք վերաբերվում էին կոռուպցիային Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում:
Հիշեցնենք, որ ըստ «Լրագրողներն առանց սահմանի» կազմակերպության 2017 թվականի աշխարհում մամուլի ազատության մասին զեկույցի, Ադրբեջանը զբաղեցնում է 162-րդ տեղը 180 երկրներից մամուլի ազատության առումով:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել Աֆղան Մուխթարլուին և մնացած այլ քաղբանտարկյալներին: Պետքարտուղարությունն ընդգծել է, որ շարունակելու է հետևել հետաքննության ընթացքին՝ կոչ անելով անցկացնել բաց, թափանցիկ և արդար հետաքննության:
Facebook Forum