Թրամփի ռազմավարական հարցերով նախկին խորհրդական Սթիվ Բենոնը, ներկայանալով Սենատի անվտանգության հարցերով հանձնաժողով, հրաժարվել է վկայություն տալ: Հայտնի է դարձել նաև, որ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանֆորտի դատավարությունը կհետաձգվի մինչև տարեվերջ:
Երեքշաբթի օրը դաշնային դատավորը հայտարարել է, որ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանֆորտի դատավարությունը կարող է մայիս ամսից հետաձգվել մինչև տարեվերջ:
Փոլ Մանաֆորտի և նրա նախկին գործընկեր Ռիք Գեյթսի փաստաբանների պնդմամբ՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլերի գրասենյակը իր պաշտպանյալների մեղադրանքներն ապացուցուցող բավարար ապացույցներ չի ներկայացրել:
Մանաֆորտի և Գեյթսի փաստաբանները հավելել են նաև, որ դատավարությանը նախապատրաստվելու համար իրենց ավելի երկար ժամանակ է հարկավոր, ինչին դատավորը համաձայնել է՝ հետաձգելով դատավարությունը մինչև աշուն:
Հիշեցնենք, որ Փոլ Մանաֆորտն ու Գեյթսը մեղադրվում են նաև դավադրության, փողերի լվացման, կեղծ հայտարարություններ տարածելու մեջ: Մանաֆորտը մեղադրվում է նաև Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա ռուսամետ քաղաքական կուսակցության օգտին լոբբինգ իրականացնելու մեջ:
Նշենք, որ այս մեղադրանքները չեն առնչվում ԱՄՆ-ի 2016 նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփի թիմի և Կրեմլի միջև գաղտնի նախահամաձայնության գործի հետաքննության հետ:
Երեքշաբթի օրը Սպիտակ տան ռազմավարական հարցերով նախկիին խորհրդական Սթիվ Բենոնը, ներկայանալով ԱՄՆ-ի Սենատի անվտանգության հարցերով հանձնաժողով, հրաժարվել է պատասխանել ԱՄՆ-ի 2016 թվականի ընտրություններում ռուսական միջամտության գործը հետաքննող օրենսդիրների հարցերին:
«Սպիտակ տունը ամեն ինչ անում է հետաքննությունը խոչընդոտելու համար՝ հետ պահելով Բենոնին վկայություն տալուց, անգամ՝ Թրամփի վարչակազմի անցումային շրջանին վերաբերող, գրեթե, ցանկացած հարցի պատասխանելուց, նույնիսկ, այնպիսի հարցերի, որոնք կապված են Բենոնի հրաժարականին հաջորդած իրադարձությունների հետ», - հայտարարել է Սենատի անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆը:
Ըստ որոշ աղբյուրների՝ Բենոնը, պատրաստ է եղել է վկայություն տալ Կոնգրեսում, սակայն հետ է կանգնել Սպիտակ տան ճնշումների արդյունքում:
Սպիտակ տան մամլո խոսնակը խուսափել է մեկնաբանություններից, հայտարարելով, որ Բենոնի վրա ճնշում չի գործադրվել, և, որ ամեն ինչ պարզ է ու թափանցիկ:
Կոնգրեսական Ադամ Շիֆը, այնուամենայնիվ ակնկալում է, որ Բենոնը առաջիկայում մտքափոխ կլինի և կհամագործակցի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ:
The New York Times-ի հաղորդմամբ՝ «Ռուսաստանի գործը» հետաքննող Ռոբերտ Մյուլլերը անցյալ շաբաթ նույնպես Բենոնին դատարան է հրավիրել ցուցմունք տալու:
Նշենք, ինչևէ, որ Բենոնը, ով շարունակում է հրապարակայնորեն աջակցել Դոնալդ Թրամփին՝ 2016 թվականի քարոզարշավի ընթացքում նախագահի կրտսեր որդու և ռուս փաստաբանի հետ հանդիպումը «դավադիր» էր որակել: