ԱՄՆ-ի կառավարության աշխատանքները հնարավոր է ժամանակավորապես դադարեցվեն այս շաբաթ, եթե դեմոկրատ և հանրապետական օրենսդիրները չկարողանան ընդհանուր համաձայնության գալ երկու թևերի համար առանցքային ու սկզբունքային հարցերի շուրջ:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պատրաստվում է դիմել Գերագույն դատարան DACA ծրագրի դադարեցումն անվավեր ճանաչելու Կալիֆոռնիա նահանգի որոշումը չեղյալ հայտարարելու խնդրանքով:
Հիշեցնենք, որ նախկինում DACA ծրագրի պաշտպանության տակ գտնվող շուրջ 800 հազար անփաստաթուղթ երիտասարդների՝ «երազողների» արտաքսման հարցն ու ճակատագիրը ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է որոշի մինչև սույն տարվա մարտի 5-ը:
ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը այս քայլը «հազվադեպ» է որակել՝ ավելացնելով, որ
օրենքի տեսանկյունից Կալիֆոռնիայի որոշումը խելամիտ չէ, քանի որ մեկ դաշնային դատավորը չպետք է որոշի DACA ծրագրի հարցը ամբողջ երկրի համար:
Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, Դոնալդ Թրամփը քննադատել էր դեմոկրատ օրենսդիրներին ` հավաստիացնելով, որ DACA ծրագրի աջակիցների համառությունը այս շաբաթ կհանգեցնի կառավարություն աշխատանքների ժամանակավոր դադարեցմանը, որը, ըստ Թրամփի, ծանր հետևանքներ կունենա նաև բանակի համար:
Դեմոկրատները սակայն չեն նահանջում՝ անտեսելով Թրափմի հորդորները:
«Նախագահը ասել է, որ կառավարություն աշխատանքների ժամանակավոր դադարեցումը շատ էլ լավ կլինի: Բայց նման բնորոշումը ինքնին անհեթեթ է: Եթե նման բան տեղի ունենա պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է հենց նրա ուսերին: Իսկ երազող ներգաղթյալ երիտասարդների հրեշավոր արտաքսումը կանխելու և նրանց ճակատագրի համար մենք բոլորս ենք պատասխանատու՝ անկախ մեր կուսակցական պատասխանատվությունից», - գտնում է Քոնեքթիքութ նահանգի դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլյումենթալը:
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի կարծիքով նախագահի աշխատանքը կարող է ավելի արդյունավետ լինել, եթե նա ավելի լավ հաղորդակցվի օրենսդիրների հետ:
«Պարոն նախագահ կնքեք գործարքը: Ամերիկացիների 80 տոկոսը ցանկանում է DACA- ի երիտասարդներին ավելի լավ կյանք ունենալու հնարավորություն տալ, միաժամանակ ամերիկացիների 80 տոկոսը ցանկանում է ավելի ապահով սահմաններ ու ներգաղթի համակարգ ունենալ: Այս ամենն իրականություն դարձնելու նպատակով, պարոն նախագահ, դուք պետք է աշխատեք թե՛ հանրապետականների և թե՛ դեմոկրատների հետ: Եվ դա Twitter-ով չեք կարող անել: Դրան պետք է հասնել երկխոսության ու փոխըմբռնման ճանապարհով», - հայտարարել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը:
Դեմոկրատները ցանկանում են, որպեսզի DACA ծրագրի ժամկետի երկարացման հարցը դիտարկվի որպես առանձին խնդիր և չքննարկվի ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատ կառուցելու ծրագրի հետ, որին դեմ են հանրապետականներից շատերը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի սեպտեմբերին Թրամփը ստորագրեց DACA ծրագիրը կասեցնելու մասին հրամանագիրը, համաձայն որի Կոնգրեսի վերջնական որոշումը պետք է կայացվի մինչև այս տարվա մարտի 5-ը: