Չորեքշաբթի օրը Կալիֆոռնիայի փրկարարները, հաղթահարելով ցեխի հաստ շերտի պատնեշը, դուրս են բերել արտաքին աշխարհի հետ կապից զրկված մոտ 100 տների բնակիչների: Անցած ամիս Մոնթեսիթոյի անտառներում աննախադեպ հրդեհների հետևանքով բազմաթիվ ծառեր էին այրվել, ինչի արդյունքում անձրևներից փափկած հողը պահող ոչինչ չի եղել և այն սահել է դեպի բնակելի տարածք՝ անցնելով տների միջով կամ ամբողջովին ծածկել դրանք:
Տեղի իշխանությունները մարդկանց կարգադրել էին էվակուացնել տարածքը, սակայն նրանց ընդհամենը 15 տոկոսն է հեռացել:
Մոնթեսիթոյի բնակիչ Քարոլին Բեննեթը ասում է,-«Երբ կարգադրեցին լքել տարածքը, մտածեցի պարզապես անձրև է տեղալու: Սակայն նման բան երբևէ չէի տեսել»:
Սանթա Բարբարայի համայնքում են ապրում բազմաթիվ ազդեցիկ և հայտնի անձինք: Ինչպես օրինակ Օփրա Ուինֆրին, ում տունը նույնպես տուժել է սողանքների հետևանքով:
Ինչպես նա է պատմում,- «Այստեղ ցանկապատ կար: Իսկ հարևանիս տունը քանդվել է»:
Մոտ 8000 հեկտար տարածություն փակ է երթևեկության համար, որտեղ դեռ հարյուրավոր մարդիկ չեն կարողանում հեռանալ իրենց տներից: Առաջինն օգնության հասած ավելի քան 500 կամավորներ շարունակում են որոնողական աշխատանքները՝ կենտրոնանալով այն տարածքների վրա որտեղ ամենից շատ են անհայտ կորած անձինք:
Facebook Forum