ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նոր զեկույցը ահազանգում է Մյանմարի Ռախայն նահանգի ճամբարներում գտնվող մոտ 60 հազար ռոհինգյա մահմեդական երեխաների անմարդկային կենսապայմանների մասին:
2017 թվականի օգոստոս ամսին Մյանմարի հյուսիսային Ռախայն նահանգում տեղի ունեցած բռնություններից և հետապնդումներից խույս տված ավելի քան 655 հազար ռոհինգյա մահմեդականներ ժամանակավորապես ապաստանել են Բանգլադեշում: Նրանց ուղիղ կեսը երեխաներ են:
Վերջերս ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ավագ խորհրդատու Մարիխի Մերկադոն, Մյանմարում մեկ ամիս անցկացնելուց հետո վերադառնալով, արձանագրել է Ռախայն նահանգի երեխաների զրկանքներն ու անմարդկային պայմանները:
Մերկադոյի պատկերավոր նկարագրությունները ահազանգում են Ռախայնի 23 ճամբարներում ներկայումս գտնվող ավելի քան 60 հազար անպաշտպան և մոռացված երեխաների գոյության մասին, ովքեր այնտեղ հայտնվել են դեռ 2012 թվականին սկսված բռնությունների հետևանքով:
Մարիխի Ռիկարդոն մանրամասնորեն նկարագրել է մասնավորապես Ռախայնում գտնվող երկու ճամբարների սարսափելի պայմանները.
«Ճամբարներից երկուսը գտնվում են ծովի մակերեւույթից ցածր: Ծառեր գրեթե չկան: Դեռ մուտքին չհասած առաջին բանը, որ զգում ես,սրտխառնոց առաջացնող գարշահոտն է: Ճանապարհների խաչմերուկների բաժանարարը հսկայական աղբակույտն է, որոնց վրա հարմարեցված ձողերը բառացիորեն հենարան են հանդիսանում ճամբարի մի հսկայական հատվածի համար: Ճամբարներից մեկոււմ՝ այն լճակը, որից մարդիկ ջուր են լցնում, բաժանվում է կոյուղու և ցածր ցեխաջրի պատով»:
Մերկադոն պատմում է, որ երեխաների մեծ մասը քայլում են ոտաբոբիկ, և նրանցից շատերը մահանում են տարբեր հիվանդություններից ու դժբախտ պատահարներից: Ռոհինգյա մահմեդականները չեն կարող լքել այս բանտանման ճամբարները նույնիսկ բուժման նպատակներով: Այդ պատճառով նրանց մեծ մասը դիմում են ավանդական բժշկությանը՝ ինքնակոչ բժիշկներին:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի զեկույցը ահազանգում է ռոհինգյա փախստական երեխաների հիմնական կենսապայմանների և հանրային ծառայությունների բացակայության և առօրյա խնդիրների մասին՝ընդգծելով նաև նրանց արժանապատիվ կրթություն ստանալու կարևորությունը ու ներկայիս մարտահրավերները: