Մատչելի հղումներ

Պակիստանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ համագործակցության դադարեցման մասին


Իսլամաբադում ԱՄՆ-ի դեսպանատունը հերքում է ԱՄՆ-ի հետ ռազմական կամ հետախուզական համագործակցության դադարեցման մասին Պակիստանի պնդումները:

«Մենք այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չենք ստացել», - նշել է ԱՄՆ-ի դեսպանության խոսնակ Ռիչարդ Սնեյսեյրը:

Ավելի վաղ, երեքշաբթի օրը, Իսլամաբադի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում Պակիստանի պաշտպանության նախարար Խուրրամ Դաստիր Խանը հայտարարել էր, որ «Հետախուզական համագործակցության և պաշտպանական ոլոտի լայնածավալ համագործակցությունը դադարեցված է»:

Խանը նաև նշել էր, սակայն, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի հաղորդակցության և օդային ծառայությունների մատակարարումը դեռ ուժի մեջ է:

Երկուշաբթի օրը Պենտագոնի մամլո խոսնակը հայտարարել է այն հստակ քայլերը, որոնք Պակիստանը պետք է ձեռնարկի, որպեսզի ԱՄՆ-ը վերականգնի Պակիստանին հատկացվող հարյուր միլիոնավոր դոլարների օգնությունը, ինչը վերջերս դադարեցվել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Պակիստանի հասցեին հնչեցված մեղադրանքներից հետո:

Պակիստանի պնդմամբ, Միացյալ Նահանգները Պակիստանին որպես քավության նոխազ է օգտագործում՝ մեղադրելով այս երկրին Աֆղանստանում գրանցված ԱՄՆ-ի ձախողումների համար:

Իր ուղերձում Խանը նաև հիշեցրել էր, որ Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ը ունի Պակիստանի կարիքը:

Նշենք, որ Պակիստանը համարվում է ՆԱՏՕ-ի զորամիավորումների հաղորդակցության և ռազմական մատակարարումների ամենաարդյունավետ և ամենաէժան ճանապարհը: Այդուհանդերձ, ըստ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ Թրամփի, ԿՀՎ-ի տնօրեն Մայք Փոմփեոյի վերջին հայտարարությունները միտված էին Պակիստանին հասկացնելու ներկայիս վարչակազմի հաստատակամ վերաբերմունքն ու դիրքորոշումը և, որ Պակիստանը պետք է անհապաղ վերանայի իր գործողությունները:

XS
SM
MD
LG