Մատչելի հղումներ

Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության մարդասիրական ճգնաժամը


Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության հյուսիսարևմտյան Պաուա քաղաքում Նոր Տարին հազարավոր քաղաքացիների համար սկսվել է զինված խմբերի հետ բախումներով: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝ առնվազն 5 հազար 600 մարդ լքել է երկիրն ու ապաստան հայցել հարևան Չադում:

«Չադը Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից փախստականներ ընդունող երրորդ ամենախոշոր երկիրն է, որտեղ այս պահին գտնվում է ավելի քան 75 հազար փախստական: Մենք այժմ համագործակցում ենք մեր գործընկերների և իշխանությունների հետ նրանց անհրաժեշտ օգնությունն տրամադրելու համար», -հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության խոսնակ Բարբար Բալոքը:

Բալոքի խոսքերով՝ բռնություններից խուսափող փախստականներից շատերը ստիպված են երկար ճանապարհ անցել և նշում են, որ Չադի հետ սահմանը այս պահի դրությամբ պաշտոնապես փակ է: Բալոքի խոսքերով, սակայն, Չադի իշխանությունները մարդասիրական մոտեցում են դրսևորում և թույյլատրում են փախստականներին հատել սահմանը առանց ավելորդ խնդիրների:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության խոսնակի փոխանցմամբ՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից սա Չադ տեղափոխված փախստակաների ամենազանգվածային արտագաղթն է: 2017 թվականին Չադը պաշտոնապես ապաստան էր հատկացրել շուրջ 2000 փախտականների:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հաղորդում է նաև, որ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությանում մարդու իրավունքների կոպիտ խախտումներից և շարունակվող բռնություններից փախուստի դիմած անձանց թիվը առաջիկայում, հավանաբար, կմեծանա: Մարդասիրական ճգնաժամի արդյունքում 4.6 միլիոն բնակչությամբ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության գրեթե մեկ քառորդը փախստականներ և ներքին տեղահանվածներ են:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում փախստականների և ներքին տեղահանվածների թիվը ներկայումս հասնում է 1,1 միլիոնի, ինչը նշանակում է, որ մի քանի տարի առաջ սկսված քաղաքացիական պատերազմից ի վեր ամեն հինգերորդը ԿԱՀ-ում դարձել է անապաստան:

XS
SM
MD
LG