Մատչելի հղումներ

Փենսը քննադատում է Օբամայի վարչակազմին 2009 թվականին իրանցի ցուցարարներին չաջակցելու համար


Իրանի իշխանությունները վերջին օրերի ցույցերի ժամանակ անվտանգության մեծաթիվ ուժեր էին տեղաբաշխել՝ ընդվզումն արագ ճնշելու համար: Արդյունքում զոհվեց ավելի քան 20 մարդ: Իշխանությունները մեղադրեցին օտարերկրյա ուժերին ցույցերի հրահրման մեջ, սակայն վերլուծաբաններն այլ կարծիքի են:

«Փողոցում կանգնած մարդիկ օտարերկրացիներ չեն, ոչ էլ՝ զինյալներ: Նրանք սովորական իրանցիներ են»,- ասում է վերլուծաբան Հուշանգ Ամիրահմադին Ռութգերսի համալսարանից:

Վերլուծաբանների կարծիքով այսօր իրադրությունը Իրանոմ փոխվել է, որը ստիպում է իշխանություններին վերանայել նախկին մոտեցումները: Այսօր, ի տարբերություն 2009 թվականի ցույցերի, իշխանության առջև կանգնած է Իրանի ժողովուրդը, որը բողոքում է ընդդեմ կոռուպցիայի ու թերի տնտեսական կառավարման:

Իրանի ժողովրդին իր աջակցությունն է հայտնել նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում: Փոխնախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Իրանի ժողովրդի դաշնակիցն է և ցանկանում է, որ այն ունենա ազատ և ժողովրդավարական ապագա:

Փոխնախագահը քննադատության է ենթարկել նախորդ վարչակազմին՝ 2009 թվականի ցույցերին Իրանի ժողովրդին համապատասխան աջակցություն չցուցաբերելու և Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքելու համար:

«Իրականությունն այն է, որ Իրանի միջուկային համաձայնագիրն այնքան թույլ էր կազմված, որ Իրանին հնարավորություն էր տալիս զարգացնել իր միջուկային զենքի ծրագիրը 10 տարի հետո»,- ասել է փոխնախագահ Փենսը:

Փենսի խոսքերով Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցները ծառայում էին իրենց նպատակին, իսկ համաձայնագիրը ձեռնտու էր Իրանի կառավարությանը: Նա ընդգծում է, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է փոփոխություններ մտցնել համաձայնագրում, որը հնարավորություն կտա վերադարձնել պատժամիջոցները, եթե երբևէ Իրանը փորձի ստեղծել միջուկային զենք:

Facebook Forum

XS
SM
MD
LG