Մատչելի հղումներ

Իրանում իրավիճակը կայունացել է, ասում է «Ալիք» թերթի գլխավոր խմբագիրը


Վերջին օրերին Իրանում ընթացող բողոքի ցույցերը դադարել են և իրավիճակը հանդարտվել է, "Ամերիկայի Ձայն"-ի հետ զրույցում ասում է Իրանում լույս տեսնող հայալեզու «Ալիք". թերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը:

Դրա հետ մեկտեղ տեղի ունեցան իշխանամետ ուժերի հանրահավաքներ, ուր մասնակիցներն աջակցություն էին հայտնում Իսլամական Հանրապետության գործող իշխանություններին:

Ըստ Մելիքյանի՝ Իրանի նախագահ Ռոհանին սկզբնական շրջանում ընդունել էր, որ ցուցարարների տնտեսական պահանջներն ունեն արդարացի բնույթ: Հետագայում, ըստ Ալիք օրաթերթի խմբագրի, դրանք վերաճեցին քաղաքական լոզունգների և հակակառավարական գործողությունների:

Մելիքյանի խոսքերով, Իրանի կառավարության ձեռնարկած որոշ քայլեր օգնեցին կայունացնել իրադրությունը:

«Կառավարությունը որոշ քայլեր արդեն ձեռնարկում է մի շարք ապրանքատեսակների գների իջեցման և հետագա թանկացումները կանխարգելու ուղղությամբ»,- ասում է Մելիքյանը:

Ամերիկյան վերլուծաբաններն իրենց հերթին կարծում են, որ Իրանի իշխանությունները դասեր են քաղել արաբական երկրների հեղափոխություններից, ինչի արդյունքում իրավապահ մարմինների գործողություններն ավելի զուսպ էին՝ համեմատած նախորդ տարիների ընդվզումների հետ: American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Ալեքս Վատանգան գտնում է, որ այս վերջին իրադարձություններն ամենաարյունոտ բախումները չէին՝ չնայած շուրջ երկու տասնյակ զոհերին և ավելի քան 400 ձերբակալվածներին:

«Սա ակնհայտ ամենաարյունալի իրադարձությունները չէին»,- ասում է Վատանգան:

Հիշեցնենք, որ 2009 թվականին Իրանում տեղի ունեցած բախումների ժամանակ գրանցվել էին հարյուրավոր զոհեր, իսկ հազարավոր մարդիկ ձերբակալվել էին:

«Իրավիճակը փոխվել է: Վերջին 40 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Իրանի ժողովուրդն է առերեսվում ամբողջ իշխանությանը: 2009 թվականին պայքարը վարչակարգի ներսում էր երկու խմբավորումների միջև: Այժմ Իրանի ժողովուրդն է կանգնած իշխանության դեմ, և վարչակարգը պետք է լուրջ մտածի, թե ինչպես է գործում»,- ընդգծում է Հուշանգ Ամիրահմադին Ռութգերսի համալսարանից:

Ալիք թերթի խմբագիրը խոսեց նաև քաղաքական այս ճգնաժամի օրերին իրանահայ համայնքի դիրքորոշման մասին.

«Ներքին խնդիրների վերաբերյալ սկսած 79 թվականի հեղափոխությունից իրանահայությունը ուղակի դիրքորոշման անհրաժեշտություն չի ունեցել: Միշտ հակված է եղել կանգնել համընդհանուր շահերի ու պահանջների, ինչպես նաև՝ Իրանի պետականության կողքին՝ հատկապես հաշվի առնելով, որ Իրանը Հայաստանին սահմանակից կարևոր երկիր է: Ցանկանում ենք տեսնել կայունություն և խաղաղություն և անշուշտ, եթե կան սոցիալական, տնտեսական դժգոհություններ, իրանահայությունը ևս դրանց կողքին է»,- ասում է Մելիքյանը

Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները մեղադրել են օտար ուժերին, մասնավորապես ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային ու Սաուդյան Արաբիային, ցույցերի հրահրման մեջ: ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել ցուցարարներին:

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը իր աջակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում: Փոխնախագահը քննադատության է ենթարկել նախորդ վարչակազմին՝ 2009 թվականի ցույցերին ժամանակ Իրանի ժողովրդին համապատասխան աջակցություն չցուցաբերելու համար:

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառման միջոցով իր հարգանքի խոսքն է ուղղել Իրանի ժողովրդին, որը ՝՝փորձում է հակազդել կոռումպացված կառավարությանը՛՛: Նախագահը ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը բողոքի ցույցերին, սակյան պարզ չէ, թե ինչպիսի աջակցույան մասին է խոսել նախագահը:

Facebook Forum

XS
SM
MD
LG