Մատչելի հղումներ

Ամերիկան լույս կսփռի Ռուսաստանի մութ գործողությունների վրա


Ռուսաստանը մասնագիտացել է Արեւմտյան երկրների հասարակությունների տարբեր հատվածներին միմյանց դեմ ուղղորդելու խարդախ գործում, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդական գեներալ Հերբերթ ՄքՄասթերը.

«Ռուսաստանը կատարելագործել է ապատեղեկատվության, քարոզչության եւ սոցիալական ցանցերի միջոցով հասարակությունների բեւեռացման, միմյանց բախելու արվեստը»:

Դրան հակազդելու համար Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է առաջին հերթին լույս սփռել Ռուսաստանի մութ գործողությունների վրա, համոզված է գեներալը.

«Երբ բոլորը տեսնեն, թե իրականում ինչ է անում Ռուսաստանը, վերջինիս համար այլեւս այդքան հեշտ չի լինի համայնքներն իրար դեմ լարել եւ մարդկանց վստահությունից զրկել»:

ՄքՄասթերի խոսքով, եթե նախկինում Ռուսաստանի հայտարարություններին վստահությամբ էին վերաբերվում, ապա այժմ այդ վստահությունը վերացել է.

«Այս մարդիկ ասում են. մենք քաղաքացիական ինքնաթիռ չենք ոչնչացրել, այդ բոլոր ուղեւորվերին չենք սպանել: Ոչ, ասում են նրանք, մենք Ղրիմում եւ արեւելյան Ուկրաինայում զինվորներ չունենք: Այլեւս նրանց խոսքերի նկատմամբ վստահություն չկա»:

Միեւնույն ժամանակ, Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդականն ընդգծում է՝ Միացյալ Նահանգները պատրաստ է Ռուսաստանի հետ համագործակցության ուղիներ որոնել: Գոյություն ունեն բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ Արեւմուտքի հետ համագործակցությունը հենց Ռուսաստանի շահերից է բխում, ընդգծում է Հերբերթ ՄքՄասթերը.

«Սակայն, մենք տեսնում ենք, որ վերջերս Ռուսաստանը գործում է նույնիսկ իր սեփական շահերի դեմ՝ միայն թե ընդդիմանա ԱՄՆ-ին, Արեւմուտքին եւ մեր եվրոպական դաշնակիցներին»:

Նման պահվածքի օրինակներից մեկը Հյուսիսային Կորեան է, նշում է գեներալ ՄքՄասթերը, քանի որ, ասում է նա, Ռուսաստանի շահերից որեւէ կերպ չի բխում Ասիայում միջուկային զենքի տարածումը: Մյուս հարցը Իրանն է, որին Մոսկվան օգնել է պահպանել ազդեցությունը Սիրիայում.

«Բացատրեք՝ ինչպե՞ս կարող է Ռուսաստանը հետաքրքրված լինել Մերձավոր Արեւելքում Իրանի ազդեցության տարածմամբ: Նրանք բարձր գին են վճարելու դրա համար»:

ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն ընդգծում է՝ Վաշինգտոնում չեն ակնկալում եւ չեն պահանջում, որ Մոսկվան ի վնաս ինքն իրեն աշխատի, սակայն ակնկալում են, որ Ռուսաստանն ի վերջո կգործի իր շահերից ելնելով եւ կհամագործակցի Արեւմուտքի հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG