2018 թվականը ԱՄՆ-ում սկսվել է սահմռկեցուցիչ ցուրտ եղանակով, գրանցելով այնպիսի ցածր ջերմաստիճան, որը չի հանդիպել վերջին մեկ դարի ընթացքում: Պետական մարմինների հաղորդմամբ ծայրաստիճան ցուրտ եղանակի պատճառով առնվազն 5 մարդ ցրտամահ է եղել:
Չնայած եղանակային ծայրահեղ պայմաններին, մոտ մեկ միլիոն ամերիկացիներ տարին դիմավորեցին Նյու Յորքի Թայմս Սքուերում: Այս գիշերը դարի ամենացուրտ ամանորյա գիշերն է եղել, ջերմաստիճանն իջել է մինչև -12C աստիճանի: Տոնախմբության ժամանակ առնվազն 29 մարդ ցրտահարության հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել:
Սառը հոսանքը զգալի է հատկապես ԱՄՆ-ի կենտրոնական և արևմտյան հատվածում, սակայն այդուհանդերձ Միչիգանում և Վիսքոնսինում հարյուրավոր մարդիկ տարին դիմավորել են՝ ցատկելով լիճը: Իսկ Չիկագոյի պետական մարմինները արգելել են նմանատիպ միջոցառման անցկացումը, երբ տեղի լիճը պատվել է սառույցով:
Ամանորյա գիշերն ԱՄՆ-ի որոշ նահանգներում ջերմաստիճանը իջել է ռեկորդային մակարդակի, Հարավային Դաքոթայում հասնելով -36 C, իսկ Նեբրասկայում՝ -26 C աստիճանի:
Սառույցն ու ձյունը ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ են դառնում, այդ թվում նաև Միչիգանի մայրուղիներից մեկում 30 ավտոմեքենաների մասնակցությամբ այս վթարը: Քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգուշորեն տեղաշարժվել, իսկ տանը գտնվելիս՝ ուշադիր հետևել տաքացուցիչների անվտանգության կանոնները:
Facebook Forum