Հերաթ քաղաքի ավելի քան 2700 անապահով ընտանիքներ և ներքին տեղահանվածներ օգնություն կստանան ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության կողմից:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հսկայական աշխատանք է իրականացնում Աֆղանստանի Հերաթ քաղաքում՝ աջակցելով տեղի բնակչությանը:
«Ես բազմազավակ մայր եմ և ունեմ անսահման խնդիրներ: Ես ոչինչ չունեմ, ոչ ապրելու տեղ, ոչինչ: Ես երկու հաշմանդամ որդի ունեմ, ովքեր չեն աշխատում, ուստի ես եմ ստիպված աշխատել ու նրանց օգնել», - ասում է Քեշարը:
ՄԱԿ-ի և Աֆղանստանի կառավարության պաշտոնյաները դեկտեմբերի 17-ին մեկնարկեցին ձմեռային օգնության բաշխման ծրագիրը՝ գումար և օգնություն տրամադրելով մոտավորապես 3,000 ներքին տեղահանված ընտանիքների:
«Ծրագիրը կօգնի Հերաթի կարիքավոր ընտանիքներին, ինչպես նաև՝ հատուկ կարիքներով մարդկանց», -ասում է Փախստականների և հայրենադարձության բաժնի տնօրեն Ահմադ Նադեմը:
Այս փուլում յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում է երկու հարյուր դոլար և չորս վերմակ: Աֆղանստանի իշխանությունները վստահեցնում են, որ կառավարությունը կփորձի հողատարածքներ տրամադրել տեղաբնակներին, որտեղ նրանք կկարողանան տներ կառուցել:
«Բոլոր ներքին տեղահանվածները հողամաս կստանան: Հատուկ ուշադրություն կդարձվի առավել անապահով և խոցելի խմբերին, այդ թվում՝ կանանց եւ երեխաներին», - վստահեցնում է Հերաթ նահանգի նահանգապետ Մոհամմադ Անվար Մաթեն:
Հերաթի ներքին տեղահանվածներից շատերը պնդում են, սակայն, որ տրամադրված օգնությունը երկարաժամկետ չէ։ Եվ հաշվի առնելով, որ ձմեռը դեռ առջևում է, կարելի է պատկերացնել սպասվող դժվարությունները։: Մյուսները կոչ են անում իրենց կառավարությանը խաղաղություն բերել իրենց մարզեր, որպեսզի իրենք կարողանան վերադառնալ հայրենիք:
Հերաթ նահանգի Փախստականների և հայրենադարձության վարչության տվյալներով՝ ներկայումս Հերաթի տարբեր ճամբարներում և կացարաններում բնակվում են ավելի քան 14 հազար փախստականներ, որոնց 10 հազարը ներքին տեղահանվածներ են: