Մատչելի հղումներ

Պաղեստինի իշխանությունները դատապարտել են Գվատեմալայի որոշումը


Իսրայելը ողջունել ու «խիզախ» է որակել իր երկրի դեսպանությունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Գվատեմալայի որոշումը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուիթերի իր էջում գրել է, որ «սա դեռ սկիզբն է» և Գվատելամալայի նախագահ Ջիմմի Մորալեսին ուղղված իր շնորհակալական խոսքում նշել.

«Թող Աստված օրհնի քեզ, իմ ընկեր: Այլ երկրները նույնպես կճանաչեն Երուսաղեմը և կտեղափոխեն իրենց դեսպանատները այնտեղ: Երկրորդ երկիրն այդ արեց, մյուս երկրները նույնպես այդպես կվարվեն»:

Պաղեստինի իշխանությունները դատապարտել են Գվատեմալայի որոշումը:

«Սա ամոթալի և ապորինի գործողություն է, որը ամբողջությամբ դեմ է Երուսաղեմի եկեղեցական առաջնորդների ցանկություններին, ինչպես նաև ՝ԱՄՆ-ի որոշումը դատապարտող ՄԱԿ-ի Գլխավոր ասաբլեայի բանաձևին», - հայտնել է Ֆրանսիայի լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Պաղեստինի արտգործնախարարության հայտարարությունը:

Նախագահ Մորալեսը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին իր ծրագրերի մասին տեղեկացրել է անցած կիրակի օրը նրա հետո ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, սակայն գործողությունների հստակ ժամանակացույց չի տրամադրել:

«Մենք զրուցել ենք մեր երկու երկրների գերազանց հարաբերությունների մասին՝ այն ժամանակվանից սկսած, երբ Գվատեմալան աջակցեց Իսրայել պետության ստեղծմանը: Այժմ ամենակարեւոր խնդիրներից մեկը Գվատեմալայի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելն է», - գրել է Մորալեսը Facebook-ի իր էջում:

Նշենք, որ Գվատեմալան այն իննը երկրներից մեկն էր, որը անցյալ շաբաթ դեմ քվեարկեց՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունը այնտեղ տեղափոխելու Դոնալդ Թրամփի որոշումը դատապարտող բանաձևին:

Իսրայելը Երուսաղեմը համարում է իր հավերժական և անբաժանելի մայրաքաղաքը՝ ցանկանալով այնտեղ տեսնել օտարերկրյա բոլոր դեսպանատները, մինչ պաղեստինցիները ցանկանում են, որ Երուսաղեմի արևելյան հատվածը ճանաչվի որպես ապագա անկախ Պաղեստին պետության մայրաքաղաքը, չնայած այն հանգամանքին, որ 1967 թվականի պատերազմի արդյունքում Իսրայելի կողմից արևելյան Երուսաղեմի բռնակցումը առայսօր չի ճանաչվում միջազգային հանրության կողմից:

XS
SM
MD
LG