Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը կքննարկի Երուսաղեմի վերաբերյալ Ամերիկայի դիրքորոշմանը դեմ բանաձև


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան պատրաստվում է հինգշաբթի օրը գումարել արտակարգ նիստ՝ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրաելի մայրաքաղաք ճանաչելու դեմ բանաձևը քննարկելու համար:

ՄԱԿ-ում Պաղեստինի բանագնաց Ռիադ Մանսուրը հույս է հայտնել, որ բանաձևը կստանա համապատասխան աջակցություն:

Բանաձևը, որն Անվտանգության խորհուրդ էր ներկայացրել Եգիպտոսը, արգելափակվել էր ԱՄՆ-ի կողմից վետոյի ենթարկվելու արդյունքում։

Խորհրդի մյուս 14 երկրները կողմ էին հանդես եկել բանաձևի ընդունմանը:

Գլխավոր ասամբլեայի բանաձևերը չունեն պարտադիր իրագործելի ուժ, սակայն կարող են առաջ բերել քաղաքական հետեւանքներ։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին քվեարկությունից առաջ զգուշացրել է, որ նախագահ Թրամփի կարգադրության համաձայն ինքը հետևելու է բոլոր երկրների քվեարկությանը և զեկուցելու է նախագահին, թե ՝՝ով է քվեարկել ընդդեմ ԱՄՆ-ի՛՛։

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշման հակառակորդները հայտարարում են, որ այն հակասում է ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությանը, ըստ որի, Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշվի իսրայելցիների և պաղեստինցիների բանակցությունների արդյունքում:

Պաղեստինյան կողմը հայտնել է, որ Միացյալ Նահանգներն այլևս չի հանդիսանում խաղաղ կարգավորման գործընթացի հուսալի կողմ:

Թրամփի վարչակազմն իր հերթին հայտարարել է, որ շարունակում է հավատարիմ մնալ երկու պետություն մոտեցմանը, և դեսպանության գտնվելու վայրը չպետք է խոչընդոտի խաղաղության գործընթացը:

Facebook Forum

XS
SM
MD
LG