2017 թվականն Աֆրիկայի համար քաղաքական զգալի փոփոխությունների տարի էր, ինչպես օրինակ Զիմբաբվեի երկարամյա առաջնորդ Ռոբերթ Մուգաբեի հրաժարականն ու Անգոլան 38 տարի ղեկավարած Հոսե Էդուարդո Դոս Սանթոսի թոշակի անցնելու մասին հայտարարությունը:
Թեև նրանց փոխարինած առաջնորդները երկրների բարգավաճման նոր շրջան են խոստանում, այնուամենայնիվ վերլուծաբանները շտապում են հիշեցնել, որ նրանք իրենց նախորդների համախոհներն են եղել:
Բաց հասարակություն հիմնադրամից Ջեգգան Գրեյ-Ջոնսոնն ասում է,-«Գոյություն ունեցող վարչակարգը չի փոխվել: Միակ փոփոխությունը ղեկավարն է: Այս նախագահներին փոխարինել են նրանց կողմնակիցներն ու համախոհները: Կարծում եմ պարզապես դերակատարի փոփոխությունը բավարար չէ»:
Այս տարի ընտրություններ են անցկացվել Ռուանդայում, Լեսոտոյում և Քենիայում: Ու թեև Լիբերիայում ընտրությունները խաղաղ բնույթ ունեին, այնուամենայնիվ պաշտոնը զիջող նախագահը անհանգստություններ հայտնեց:
Լիբերիայի նախագահ Էլլեն Ջոնսոն Սիրլեն ասում է,- «Այս պահի դրությամբ մեր ժողովրդավարությունը վտանգված է: Մեր երկրի համբավն ու մեր տնտեսությունն են վտանգված»:
Իսկ ահա Քենիայում ընտրահամակարգում կեղծիքների բացահայտման հետևանքով երկու անգամ ընտրություններ անցկացվեցին, ինչին հաջորդած ցույցերի ժամանակ 68 մարդ զոհվեց:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում նախատեսված ընտրությունները հետաձգվեցին երկու տարով, երկարաձգելով նախագահ Ջոզեֆ Քաբիլայի պաշտոնավարման ժամկետը ու խորացնելով երկրի անկայունությունը: Կոնգոյի վերլուծաբաններն այս ամենի շուրջ բացասաբար են տրամադրված:
Հարավային Աֆրիկայի ռեսուրսների պահպանության հաստատության տնօրեն Քլոդ Քաբեմբան ասում է,- «Եթե փորձում ենք Կոնգոն կայունացնել, ապա պետք է ժողովրդավարական ընտրություններ անցկացնենք: Սակայն 2003 և 2011 թվականների ընտրությունները ցույց տվեցին, որ Կոնգոյում ընտրությունների գործող համակարգ չկա»:
Աֆրիկայի համար 2018 թվականը նույնպես փոփոխությունների տարի կլինի, քանզի Զիմբաբվեն առաջին անգամ ընտրություններ կանցկացնի՝ առանց Մուգաբեի:
2018 թվականին իր առաջին ընտրությունները կանցկացնի նաեւ նորաստեղծ Հարավային Սուդանը, որը 2011 թվականին անկախությունից ի վեր առերեսվել է երաշտի և հակամարտությունների հետ։
Facebook Forum