Մատչելի հղումներ

 
Եվրամիությունը երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական իր պատժամիջոցների ժամկետը 

Եվրամիությունը երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական իր պատժամիջոցների ժամկետը 


Եվրամիության անդամ երկրների ղեկավարները երկարաձգել են Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական ծանր պատժամիջոցների ժամկետը մինչև 2018 թվականի հուլիս ամիսը: Այս մասին որոշումը կայացվել է Եվրամիության գագաթաժողովի ընթացքում:

Պատժամիջոցները կապված են արևելյան Ուկրաինայի հակամարտության մեջ Ռուսաստանի ունեցած դերակատարության և Ղրիմի բռնակցման հետ: Դրանք ընդգրկում են Ռուսաստանի ֆինանսական, էներգետիկ և ռազմական ոլորտները:

Եվրամիության նախագահ Դոնալդ Թուսքը, ով գլխավորում էր Եվրամիության գագաթաժողովը, ընդգծել է, որ դաշինքի բոլոր 28 անդամները համաձայն էին պատժամիջոցների ժամկետների երկարաձգման որոշման հետ:

Մոսկվան ափսոսանք է հայտնել Եվրամիության որոշման կապակցությամբ: Դրա մասին տեղեկացրել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս անցկացված իր այս տարվա վերջին մամլո ասուլիսի ընթացքում չի անդրադարձել պատժամիջոցների խնդրին, սակայն խոսել է արևելյան Ուկրաինայի հակամարտության մասին՝ ընդգծելով, որ ռուսամետ անջատողականները պատրաստ են հակազդել ուկրաինացի ազգայնականներին, եթե վերջիններս որոշեն սպանդ իրականացնել արևելյան Ուկրաինայում:

«Դոնբասի տարածքում չկան ռուսական զորքեր, սակայն այնտեղ կան հատուկ ռազմական զորամիավորումներ, որոնք անկախ են և պատրաստ են հակազդելո Դոնբասի դեմ լայնածավալ ռազմական գործողություններին: Մենք գտնում ենք, որ դա բխում է այդ տարածքում ապրող մարդկանց շահերից»,- ասել է նախագահ Պուտինը:

Պուտինը նաև մեղադրել է Կիևի իշխանություններին արևելյան Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը միտված Մինսկի գործընթացի և ռազմագերիների փոխանակման համաձայնության խափանման մեջ :

Ռուսական նավթային խոշոր «Ռոսնեվթ» ընկերությունն իր հերթին չորեքշաբթի օրը Եվրոպական դատարանում հայտարարել է, որ եվրոպական պատժամիջոցների իրական նպատակն է խափանել ընկերության դիրքերը համաշխարհային էներգետիկ շուկայում հօգուտ ռուսական ընկերության մրցակիցների:

Facebook Forum

XS
SM
MD
LG