Նյու Յորքի Սիրաքուզի թաղամասերից մեկում եկեղեցու խաչերը փոխարինվել են մահմեդականության խորհրդանիշներով և Ղուրանի գրություններով: Ժամանակին Սուրբ Երրորդություն անունը կրող այս եկեղեցին վերածվել է Մասջիդ Էսսա-իբնե-Մարիամ անվանումով մզկիթի:
Մզկիթի նվիրյալ Յուսուֆ Սոուլը ներկա է եղել եկեղեցին մզկիթի վերափոխելու գործընթացին և ասում է, որ դա բարդ ճանապարհ էր:
Նա ասում է,- «Շատ մարդիկ զայրացած էին և տխուր: Մարդիկ, ում ես չէի ճանաչում, ինձ էին փնովում, գուցե այն պատճառով, որ ամերիկացի եմ»:
20-րդ դարում կառուցված Սուրբ Երրորդությունը եղել է գերմանացի և իտալացի ներգաղթյալների սրբավայրը, նրանցից շատերը այստեղ են ամուսնացել, կնքվել և հուղարկավորվել:
Սակայն տեղի բնակիչները հետզհետե տեղափոխվել են արվարձաններ և նրանց փոխարինել են նոր ներգաղթյալներ և փախստականներ, որոնց մեծամասնությունը մահմեդական են:
Այս մզկիթը մյուսների նման չէ՝ այստեղ կանանց և տղամարդկանց բաժանող պատ չկա, որևէ մեկը նշանակված չէ հավատացյալներին աղոթքի կանչելու համար: Այս մզկիթը բոլորի համար է և յուրաքանչյուրը կարող է սկսել աղոթք ու վարել այն, նույնիսկ՝ Աֆղանստանից գաղթած 14 ամյա Սայադ Սամիրը:
Նա ասում է,-«Ես աղոթքը վարելու փորձեր էի անում և հավատացյալները ինձ խրախուսեցին մի քանի անգամ ստանձնել այդ պարտականությունը»:
Այս մզկիթի տարածքում շատ ներգաղթյալներ են բնակվում և այն ծառայում է ոչ միայն մահմեդականներին:
Նորթսայդ կրթական կենտրոնից Մարք Քասսն ասում է,-«Նրանք իսկապես փորձում են ծառայել ողջ համայնքին: Նրանց ճաշարանը բաց է բոլորի առջև, և բոլորը կարող են այնտեղ ճաշկերույթներ կազմակերպել: Նրանք համայնքի լիարժեք անդամներ են, և ուզում են օգտակար լինել համայնքի համար»:
Յուսուֆ Սոուլի խոսքերով, թեև լրատվամիջոցները երբեմն այլ կարծիք են ձևավորում, դրան պետք չէ հավատալ, ամերիկացիների մեծ մասը սրտաբաց են և սիրում են այլոց, այնպես, ինչպես նրանք կան։
Facebook Forum