Ալաբամա նահանգում հանրապետական Ռոյ Մուրի և դեմոկրատ Դագ Ջոնսի միջև ԱՄՆ-ի Սենատում աթոռի համար ընթացող պայքարը հայտնվել է ուշադրության կենտրոնում: Այս ընտրությունները կարևոր են այնքանով, որ կարող են փոխել ուժային հարաբերակցությունը Սենատում: Մուրի հաղթանակի դեպքում հանրապետականների ուժն է՛լ ավելի կմեծանա, իսկ Ջոնսի հաղթանակը դեմոկրատների դիրքերը կամրապնդի ու ավելի մեծ խոչընդոտ կհանդիսանա ԱՄՆ-ի նախագահ Թրամփի համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է,- «Մենք Սենատում դեմոկրատի կարիք չունենք»:
Պահպանողական Ալաբամայում Ռոյ Մուրը կլիներ ակնհայտ ընտրությունը, սակայն նրա դեմ հնչեցված սեռական բնույթի մեղադրանքները կասկածի տակ են դնում նրա հաղթանակի հավանականությունը:
Մուրի դեմ մեղադրանք ներկայացնող Բևերլի Յանգը պատմել է, թե ինչպես է Մուրը ժամանակին փորձել հանել իր վերնաշապիկը։ Ու իրեն թվացել է, որ Մուրը պատրաստվում էր բռնաբարել իրեն։
Մուրը մերժում է մեղադրանքները և ասում, թե դրանք իրեն հեղինակազրկելու համար են նախատեսված:
Ռոյ Մուրը ասում է,-«Այս մեղադրանքները լիովին անհիմն են: Ես չեմ ճանաչում այս կանանցից որևէ մեկին և նրանցից ոչ մեկի հետ սեռական հարաբերություն չեմ ունեցել»:
Շատ ընտրողների այս մեղադրանքները չեն մտափոխում:
Ալաբամայի ընտրողներից Դեյվիդ Ռեյն ասում է,-«Այս մեղադրանքները միանգամայն կեղծ են: Ես ճանաչում եմ նրան և գիտեմ նրա սկզբունքները»:
Սակայն մյուսներն էլ այլ կարծիք ունեն:
Ալաբամայի բնակիչ Հարրի Տրուսլովը ասել է,-«Կարծում եմ Ալաբամայի համար Ռոյ Մուրի պես ներկայացուցիչ ունենալը նվաստացուցիչ կլիներ: Դա վատ կլիներ թե՛ երկրի և թե՛ նահանգի համար»:
Եթե Մուրը հաղթի ընտրություններում, ապա Սենատը էթիկական հետաքննություն կանցկացնի մեղադրանքների շուրջ: Սակայն արդյո՞ք նա կհասնի Սենատ թե ոչ, պետք է որոշեն Ալաբամայի բնակիչները: Իսկ երկիրը ուշի ուշով հետևում է իրադարձություններին:
Facebook Forum