Մատչելի հղումներ

«Սև ուրբաթն» այս տարի կարող է ամենաեկամտաբերը լինել


Գոհաբանության տոնի շաբաթն ավանդաբար աչքի է ընկնում մանրածախ առևտրի աշխուժությամբ: Շուրջ 164 միլիոն ամերիկացի սպառողներ այդ օրերին կատարում են գնումներ: Հաշվի առնելով ԱՄՆ-ի տնտեսության դրական ցուցանիշները՝ մանրածախ առևտրով զբաղվող ընկերություններն ակնկալում են այս տարի խոշոր եկամուտներ:

«Սա դարձել է մեծ իրադարձություն, և մենք ակնկալում ենք, որ այս տարին կդառնա պատմության մեջ ամենածավալուն առևտրային սեզոնը»,- ասում է Nationaltoday.com ընկերության ղեկավար Բեն Քափլանը:

Ամերիկյան մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Անա Սմիթը նշում է, որ այս օրերին մինչև դեկտեմբեր ամիսը մեկ շնչին ընկնող ծախսը կկազմի միջինը 967 դոլար, որը վերջին 15 տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է:

«Գործազրկությունը ամենացածր մակարդակին է, աշխատավարձերը տարի առ տարի գրանցում են դանդաղ աճ: Սպառողների համար չափազանց լավ պայմաններ են՝ համեմատած տնտեսական անկման տարիների հետ, որը նպաստում է տոնական առևտրի գնումներին»,- նշում է Սմիթը:

Մանրածախ առևտրով զբաղվող խանութները ևս նպաստում են առևտրի աշխուժացմանը զեղչերի և խանութների աշխատանքային ժամերի ավելացման միջոցով: Սակայն ի՞նչ թվով սպառողներ կկարողանան օգտվել այդ զեղչերից:

«Դրանք հիմնականում ունեն գովազդային նշանակություն և կիրառվում են սահմանափակ քանակությամբ ապրանքների վրա՝ մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացնելու համար»,- նշում է Բեն Քափլանը:

Այս օրերին զեղչերը հատկապես կիրառվում են էլեկտրոնային տեխնիկայի ապրանքների նկատմամբ: Փորձագետների կարծիքով համացանցային առևտուրը ևս կարող է գրանցել ռեկորդային թվեր՝ անցնելով առաջին անգամ 100 միլիարդ դոլարի շեմը: Ընդհանուր հաշվարկներով ամերիկացի սպառողները նախատեսում են ծախսել այս օրերին մոտ 680 միլիարդ դոլար: Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունները հույս ունեն, որ դա կարվի մոտ օրերի ընթացքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG