Մատչելի հղումներ

Ամերիկան պատրաստվում է Գոհաբանության օրվան՝ Thanksgiving-ին


Գոհաբանության տոնը, կամ՝ Thanksgiving- ը, ամերիկացիների ամենասիրելի տոներից մեկն է, որը ավանդաբար նշում են ընտանիքի անդամների, հարազատների և ընկերների հետ:

Նոյեմբերի 23-ի նախօրեին, ավելի քան 50 միլիոն ամերիկացիներ ճամփորդում են իրենց ընտանիքի անդամների, հարազատների և ընկերների հետ նշելու Գոհաբանության, կամ ինչպես ամերիկացիներն են ասում՝ Thanksgiving-ի օրը:

«Այս տարի մենք տոնելու ենք Գոհաբանության օրը մեր ընտանիքի հետ: Նրանք ժամանելու են Մորգանթաունից, Արևմտյան Վիրջինիաից: Իսկ կինս ժամանելու է Իսլանդիաից չորեքշաբթի երեկոյան: Մենք չորեքշաբթի երեկոյան մինչև ուշ գիշեր և հինգշաբթի առավոտյան ամբողջ օրը խոհանոցում ենք անցկացնելու՝ ավանդական կերակրատեսակների պատրաստման համար: Մենք ընդհանուր թվով 16 հոգի ենք լինելու՝ 12 երեխա և 4 մեծահասակներ: Այնպես որ, բավականին ուրախ է անցնելու», պատմում է Թրոյ Բեյքերը:

Գոհաբանության օրը Ամերիկայի պետական տոներից է, որը նշվում է յուրաքանչյուր տարի նոյեմբեր ամսվա չորրորդ հինգշաբթի օրը: Նոյեմբերի 23-ի նախօրեին մթերային խանութներում եռուզեռ է, մարդիկ շտապում են գնումներ կատարել:

«Արդեն գրեթե ամեն ինչ գնել եմ՝ բոլոր մթերքներն ու հնդկահավը, բայց դեռ որոշ մթերքներ պետք է գնեմ խմորեղենի համար, ինչպես նաև՝ կարտոֆիլ, կարտոֆիլով պյուրեի համար: Այո, ես սվորաբար Գոհաբանության օրվա նախօրեին չեմ սիրում գնումներ կատարել, քանի որ սթրեսը շատ էխանութները լեփլեցուն են մարդկանցով»,- ասում է Ալիսոն Լալլին:

Գոհաբանության օրը միլիոնավոր ամերիկացիներ ընտանիքի և բարեկամների հետ միասին հավաքվում են մեծ սեղանի շուրջ՝ իրենց երախտագիտությունն արտահայտելու կյանքի բոլոր հաջողությունների համար և ճաշակում՝ սեղանին դրված ավանդկան մեծ հնդկահավը:

Ամեն տարի այս օրերին ԱՄՆ-ում վաճառվում է շուրջ 45 միլիոն հնդկահավ, որը կազմում է մեկ տարվա ընթացքում վաճառված հնդկահավերի մոտ 18 տոկոսը: WEGMANS սուպերմարկետում վաճառվում են գոհաբանության օրվա սեղանի բոլոր կերակրատեսակները:

«Երախտագիտության, կամ՝ գոհաբանության օրվա անդական դարձած ուտեստների զամբյուղը սվորաբար ներառում է՝ լոռամրգի սոուս, մեծ քաղցր դդումի թխվածք, վառ գույնի մատղաշ դդումներ և իհարկե՝ հնդկահավ», - ասում է WEGMANS սուպերմարկետի խոհարար Ադամ Մարշալը:

Ամերիկյան ֆերմերային բյուրոյի տվյալներով՝ ԱՄՆ-ում 10 մարդու մասնակցությամբ Գոհաբանության ճաշի միջին արժեքը կազմում է ընդամենը 50 դոլար:

Այս տարի Դոնալդ Թրամփը՝ կատարելով նախագահի իր պարտականությունը,առաջին անգամ անցկացրեց հնդկահավերի ամենամյա ներման արարողությունը:

Միննեսոթա նահանգից հատուկ Գոհաբանության տոնի առթիվ բերված Դրամստիք և Ուիշբոուն անուններով հնդկահավերը ներման նախօրեին գիշերել էին նախագահի նստավայրի դիմաց գտնվող 5-աստղանի հյուրանոցում՝ սպասելով, թե Թրամփը ում ներում կշնորհի և կազատի կերակուր դառնալու ճակատագրից:

«Դրամստիք, դուք ներված եք», հայտարարել է Թրամփը:

ԱՄՆ- ի «գլխավոր հնդկահավ» տիտղոսին արժանացել է Դրամստիք անունով թռչունը։ Թրամփը ներել է նաև Ուիշբոուն անունով հնդկահավին, որն արարողությանը ներկա չի գտնվել։

XS
SM
MD
LG