Մատչելի հղումներ

Միանմարի զինվորները սեռական բռնություն են կիրառում


Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է, որ Միանմարի զինվորները սեռական բռնությունների միջոցով փորձում են ահաբեկել ռոհինգյա մահմեդականների կանանց եւ աղջիկներին:

«Ինձ հետ զրուցած կանանց եւ աղջիկների մեծ մասը զինվորականների կողմից ենթարկվել են խմբակային բռնաբարությունների», - պատմում է Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչ Սքայի Ուիլերը:

Փորձելով հակազդել համատարած բռնաբարություններին՝ իրավապաշտպանները հատուկ տեսագրություն են պատրաստել, որտեղ ռոհինգյա կանայք պատմում են իրենց հետ տեղի ունեցածի մասին:

«Ես եւ քույրս փորձեցինք փախչել, սակայն զինվորները մեզ բռնեցին եւ բռնաբարեցին մեր տան բակում», - պատմում է զոհերից մեկը:

Human Rights Watch-ի զեկույցը հրապարակվել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Միանմար կատարած այցից անմիջապես հետո: Խուսափելով «էթնիկ զտումներ» սահմանումից, Թիլերսոնն այնուամենայնիվ լուրջ մտահոգություն արտահայտեց.

«Միացյալ Նահանգները ողջունում է կառավարության որոշումը թույլ տալ փախստականներին վերադառնալ իրենց տները եւ կառավարության պատրաստակամությունն՝ աջակցելու նրանց տնտեսական զարգացմանն ու իրավունքների պաշտպանությանը»:

Միանմարի առաջնորդ Ունգ Սան Սու Չին հերքում է իր հասցեին հնչող քննադատությունը.

«Այնտեղ տարբեր համայնքներ են բնակվում, եւ մենք չենք կարող մեկ հայտարարությամբ նրանց միմյանց դեմ լարել: Պետք է շատ զգույշ գնահատենք մեր խոսքերը»:

ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքով, Միանմարի դեմ տնտեսական պատժամիջոցներն այս պահին նպատակահարմար չեն, սակայն երկրի Կոնգրեսը կարող է այլ մոտեցում ցուցաբերել: Մասնավորապես, ամերիկյան օրենսդիրներն, ի պատասխան Միանմարի իշխանությունների գործողությունների, կարող են արգելափակել այդ երկրի հետ ռազմական համագործակցությունն ու թանկարժեշ քարերի ներկրումը, ինչը դեռեւս 2016-ին թույլ էր տվել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման:

Facebook Forum

XS
SM
MD
LG