Մատչելի հղումներ

Ռուսաստանը հակամարտությունների միջոցով փորձում է վերահսկել հետխորհրդային երկրները, գտնում է փորձագետը


Օրերս Ատլանտյան խորհուրդ հաստատությունում կայացավ «Ռուսաստանի սահմանային պատերազմներն ու սառեցված հակամարտությունները» խորագրով Ջեյմս Քոյլի հեղինակությամբ գրքի շնորհանդեսը՝ Ռուսաստանի հետխորհրդային երկրների նկատմամբ վարած քաղաքականության ու հետխորհրդային հակամարտությունների մասին:

«Աշխատությունը դիտարկում է Պուտինի արտաքին քաղաքականության մոտեցումները քաղաքական ռեալիզմի տեսության տեսանկյունից և բացահայտում ընդհանրություններ մոլդովական, ուկրաինական, վրացական և ղարաբաղյան հակամարտություններում»,- ասում է միջոցառումը վարող Ատլանտյան խորհուրդ հաստատության վերլուծաբան Լաուրա Լինդերմանը:

Հեղինակի կարծիքով Ռուսաստանի վարած քաղաքականությունը ապակառուցողական է և չի նպաստում հետխորհրդային հակամարտությունների կարգավորմանը:

«Իր սահմաններում ռուսական ոտնձգություններին հակազդելու շատ միջոցներ չունենք: Պատճառը նրանում է, որ նախագահ Պուտինը հստակ նշել է, որ կօգտագործի ռազմական ուժ՝ պաշտպանելու այն, ինչ որակվում է նրա կողմից որպես իր երկրի ազգային շահ: Նմանատիպ պատասխան արձագանքը մեզ կտանի սառըպատերազմյան հին օրեր, ուր ոչ ոք չի ցանկանում վերադառնալ»,- ասում է Քոյլը:

Հեղինակը պնդում է, որ Մոսկվան ստեղծում է հակամարտություններ կամ նպաստում դրանց սառեցմանը, որպեսզի թուլացնի, պառակտի հետխորհրդային երկրները՝ իր ազդեցությունը վերջիններիս նկատմամբ պահպանելու համար:

«Ռուսաստանը փորձում է թուլացնել մյուս երկրներին՝ այդ միջոցով ուժեղացնելով իր ազդեցությունը նրանց նկատմամբ»

Ըստ հեղինակի՝ ղարաբաղյան հակամարտությունը որոշակիորեն տարբերվում է մնացած հակամարտություններից, քանի որ այս պարագայում ի սկզբանե Մոսկվան հավասարապես աջակցում էր ինչպես հայկական, այնպես էլ՝ ադրբեջանական կողմերին: Սակայն հեղինակը պնդում է, որ հետագայում ռուսական կողմը ավելի շատ հակվեց դեպի Հայաստան ինչ-ինչ պատճառներից ելնելով: Նա առանձնացրեց մեկ այլ տարբերություն ևս.

«Եթե նայեք այլ հակամարտությունների, ապա Մոլդովայում և Վրաստանում կային ռուս խաղաղապահներ: Ուկրաինայում Մոսկվան առաջարկել էր իր խաղաղապահ զորքերը, սակայն ղարաբաղյան հակամարտության շփման գոտում չկան ռուսական խաղաղապահներ, այլ՝ միայն հայկական և ադրբեջանական զորքեր»,- նշում է Քոյլը:

Գործող բանակցային ձևաչափն ըստ նրա չի գրանցել որևէ հաջողություն: Բացի այդ, չնայած այն հանգամանքին, որ այստեղ բոլորը աշխատում են միասին, Ռուսաստանը բազմիցս փորձեր է ձեռնարկել ամերիկյան և եվրոպական կողմերին դուրս մղելու ուղղությամբ:

Հեղինակի կարծիքով, դեռևս Ելցինի օրոք ռուսական արտաքին քաղաքականությունը հստակ ազդարարում էր, որ հետխորհրդային տարածքը հանդիսանում է Մոսկվայի ազդեցության գոտի: Քոյլը գտնում է, որ ռուսական այս քաղաքականությանը կարող է հակազդել հետխորհրդային երկրների տնտեսական զարգացումը: Ըստ փորձագետի՝ ԱՄՆ-ը և ԵՄ-ը պետք է շարժվեն այս ուղղությամբ համապատասխան տնտեսական օժանդակության և տնտեսական զարգացմանը նպաստելու միջոցով: Ինչ վերաբերվում է պատժամիջոցներին, Քոյլն այդ միջոցը համարում է անարդյունավետ:

«Պատժամիջոցներն անօգուտ են և խորհրդանշական: Դրանք ընդամենը միջոցներ են ամերիկյան կոնգրեսականների կամ սենատորների համար իրենց ընտրողներին ասելու, որ իրենք ինչ որ միջոցներ են ձեռնարկել Ուկրաինայի հարցում»,- ընդգծում է հեղինակը:

Գրքի հեղինակն ընդգծում է միջազգային հարաբերություններում քաղաքական ռեալիզմի տեսության կարևորությունը, ուր շեշտը դրվում է պետության ազգային շահի գերակայության վրա:

Facebook Forum

XS
SM
MD
LG