Սառը պատերազմից շուրջ 40 տարի անց, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է ԱՄՆ-ի նախգահինմիջուկային զենք կիրառելու մասին հրահանգ տալու իրավասությունից զրկելու հարցը:
ԱՄՆ-ի բոլոր նախագահները, այդ թվում՝ Դոնալդ Թրամփը, ի պաշտոնե իրավասու են ցանկացած պահի միջուկային զենք կիրառելու վերաբերյալ որոշում կայացնել: Սա մտահոգում է ԱՄՆ-ի որոշ օրենսդիրների:
«Մենք մտահոգված ենք, քանի որ Միացյալ Նահանգների նախագահը այնքան անկայուն ու անկանխատեսելի է, որ կարող է ցանկացած պահի միջուկային զենք կիրառելու մասին հրահանգ տալ՝ դեմ գնալով ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին», - ասում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Մըրֆին:
Սակայն ոչ բոլորն են մտահոգված այս խնդրով:
«Մենք ընտրություններ ենք անցկացնում և մարդիկ նաև հաշվի են առնում այդ հանգամանքը Միացյալ Նահանգների նախագահ ընտրելիս: Նրանք տեղյակ են, որ իրենց քվեն տալով նախագահի այս, կամ այն թեկնածուին՝ շնորհում են նրան նաև միջուկային զենք կիրառելու մասին հրահանգ տալու իրավասությունները», - հայտարարել է սենատոր Մարկո Ռուբիոն:
Հիշեցնենք, որ Թրամփը բազմիցս սպառնացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդին ուղղված իր ուղերձներում:
«Նրանք այնպիսի կրակ ու արհավիրք կտեսնեն, որը աշխարհը մինչ այժմ չի տեսել», հայտարարել էր Թրամփը օգոստոսին:
«Շատ ամերիկացիներ կիսում են իմ մտահոգությունը, որ նախագահի սահմռկեցնող խոսքերը կարող են հանգեցնել միջուկային իրականության»,- հայտարարել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Էդ Մարքին:
ԱՄՆ-ի բանակի ռազմավարական և միջուկային ստորաբաժանման նախկին բարձրաստիճան պաշտոնյա, հրամանտար Ռոբերտ Քելլերը բնավ անհանգիստ չէ:
«Այս համակարգը ղեկավարվում է մարդկանց կողմից, ոչինչ ավտոմատացված չէ», ասում է նա:
ԱՄՆ-ի դեմ միջուկային հարձակման պարագայում՝ ներկայիս համակարգը, ԱՄՆ-ի նախագահի հրահանգով, կարող է հակահարված հասցնել հաշվված րոպեներում:
«Դա պատերազմ է նշանակում, որը ըստ սահմանադրության, Կոնգրեսը պետք է հաստատի», - ավելացնում է ԱՄՆ-ի պաշտպանության նախկին փոխնախարար Բրայն ՄքՔենոնը:
«Նախագահը հեռախոսով ինքնուրույն չի հրահանգելու երկրի ռազմական հրամանատարությանը նման քայլի գնալ: Նա պետք է հաշվի առնի իր խորհրդականների և իրավաբանական թիմի կարծիքը», - ասում է Դուքի Համալասրանի դասախոս Փիթեր Ֆիվերը:
Չնայած այս հավաստիացումներին՝ դեմոկրատների մշակած նոր օրինագիծը միտված է նվազեցնել միջուկային զենք կիրառելու նախագահի ներկայիս լիազորությունները: Համաձայն նոր օրինագծի՝ նախքան առաջին միջուկային հարված հասցնելու մասին հրահանգ արձակելը, նախագահը պետք է ստանա պատերազմ սկսելու մասին Կոնգրեսի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ վերջին անգամ ԱՄՆ-ի նախագահի միջուկային լիազորությունները Կոնգրեսում քննարկել են ավելի քան 40 տարի առաջ՝ Խորհրդային Միության հետ Սառը պատերազմի տարիներին: