Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը երեքշաբթի օրը ժամանել էր Վաշինգտոն փոխնախագահ Մայք Փենսի հետ հանդիպման համար: Մամուլի համար փակ հանդիպումը տեղի ունեցավ նախատեսվածից մեկ օր անց, քանի որ փոխնախագահը մեկնել էր Թեքսաս:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տրամադրեց որոշ մանրամասներ հանդիպման մասին:
«Փոխնախագահը շնորհակալություն հայտնեց վարչապետին գլոբալ անվտանգության բնագավառում Թուրքիայի կատարած ներդրումների և Դաեշ-ի դեմ պայքար մղելու համար: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Թուրքիային Քրդական բանվորական կուսակցության և այլ ՝՝ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարում՛՛: Փոխնախագահը նաև մտահոգություն է հայտնել Թուրքիայում արտակարգ իրադրության ռեժիմի պարագայում ԱՄՆ-ի քաղաքացիների, հյուպատոսական ծառայության աշխատակիցների, լրագրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ձերբակալությունների կապակցությամբ և կոչ արել թափանցիկ ու բաց գործընթաց ապահովել այս գործերի հետաքննման ընթացքում»,- ասել է պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նաուերթը:
Պետքարտուղարության խոսնակը «Ամերիկայի ձայն»-ին հայտնել է, որ փոխնախագահ Փենսը վարչապետ Յիլդիրիմի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի վերաբերյալ հարցը, ով ձերբակալվել էր Թուրքիայում մեկ տարի առաջ թուրք հոգևոր գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով:
Վարչապետ Յիլդիրիմը, նախքան իր այցը Վաշինգտոն, ասել էր, որ ցանկանում է քննարկել Ֆեթուլահ Գյուլենի արտահանձման, ինչպես նաև 2016 թվականին Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը խախտելու համար ԱՄՆ-ում ձերբակալված իրանցի թուրք Ռեզա Զերաբիի վերաբերյալ թեմաները:
«Մենք ցանկանում ենք, որ մեր մտահոգությունները, կապված մեր քաղաքացիների ձերբակալությունների հետ, փարատվեն: ԱՄՆ-ը ևս ունի նման խնդրանքներ, ուստի դիվանագետներն այժմ աշխատում են այս խնդիրների կարգավորման ուղղությամբ»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները վերջերս ընդգծել են, որ ցանկանում են վերացնել տարաձայնություններն ու զարգացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Վերլուծաբանները կարծում են, սակայն, որ Էրդողանի գործողությունները խոչընդոտ են հարաբերությունների զարգացման համար:
«Եթե անգամ Էրդողանն ու Թրամփը ցանկանան կարգավորել խնդիրները, կարծում եմ Թուրքիայի ցածր վարկանիշը Վաշինգտոնում կխանգարի Թրամփին հասնել հարաբերությունների կարգավորմանը»,- նշում է Գոնուլ Թոլը Մերձավոր Արևելքի հաստատությունից:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարել է, որ մասնակիորեն վերականգնել է Թուրքիայի քաղաքացիներին վիզա տրամադրելու գործընթացը, որը թուրք-ամերիկյան հարաբերությունների բարելավման ազդակ է: Երկու երկրները դադարեցրել էին վիզաների տրամադրումը Թուրքիայում ամերիկացի քաղաքացիների ձերբակալությունից հետո:
Facebook Forum