Նոյեմբերի 7-ին Ուկրաինայի խորհրդարանի առջև տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Միխեիլ Սաակաշվիլին ցուցարարներին միասնականության կոչ է արել՝ 2019 թվականի նախագահական ընտրություններին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասնակցությունը կանխելու համար:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ հարյուրավոր ցուցարարներ երեքշաբթի օրը հավքվել էին Ուկրաինայի խորհրդարանի շենքի առջև՝ պահանջելով ներկայիս կառավարության հրաժարականը:
Ուկրաինայի դրոշները ձեռքերին՝ ցուցարարները մասնավորապես պահանջում էին ավելի արդյունավետ հակակոռուպցիոն օրինագծի ընդունում և անցում՝ավելի թափանցիկ ընտրական համակարգի:
«Ես ցանկանում եմ ապրել ազատ Ուկրաինայում և ուզում եմ, որ իմ երեխաները կարողանան զարգացնել մեր երկիրը, երազում եմ, որ իմ թոռները ազատ և երջանիկ ապրեն իրենց երկրում: Սա է իմ պարզ ու հասարակ նպատակը: Այժմ մեր ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվում, ավերվում է մեր առողջապահական համակարգը, վերանում է մեր տարեց սերունդը, իսկ հիասթափված երիտասարդությունը ձգտում է լքել երկիրը՝ արտերկրում աշխատանք գտնելու ու ապրելու նպատակով», - ասում է Մարինան:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին նույնպես միացավ հանրահավաքին՝ գլխավորելով խորհրդարանի առջև ի նշան ուկրաինացիների ընդվզելու և ազատ կամքի արտահայտման տեղադրված հուշատախտակի բացման արարողությունը:
«Այս հուշատախտակը խորհրդարանի անդամներին ուղղված պարզ հիշեցում է այն մասին, թե ինչ է սպասվում իրենց: Եվ սա հիշեցում է մեզ բոլորիս, որ մենք պետք է մշտապես միասնական գտնվենք ու միավորենք ջանքերը մինչև հաղթանակ: Ճիշտ է՝ Մայդանի հեղափուխությունն արդեն անցյալում է, բայց, ցավոք սրտի, արդյունքն անտեսանելի է: մեզ հաղթանակ է հարկավոր», - իր ելույթում նշել է Սաակաշվիլին:
Նշենք, որ Սաակաշվիլին նպատակադրված է կանխել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասնակցությունը 2019 թվականի նախագահական ընտրություններին՝ մեղադրելով նրան կոռուպցիան արմատախիլ անելու վերաբերյալ Մայդանում 2014 թվականին տված իր խոստումներն ու բարեփոխումները կյանքի չկոչելու մեջ: