Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը դրական է գնահատում ԱՄՆ-ի որոշումը մասնակիորեն վերսկսել վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին: Վարչապետը սակայն նշել է, որ ԱՄՆ-ը պետք է Թուրքիային արտահանձնի թուրք վտարանդի հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ում Թուրքիայի իշխանությունները մեղադրում են հեղաշրջման կազմակերպման մեջ: Նա պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ փոխնախագահ Մայք Փենսի հետ հանդիպելու համար:
«Նախքան մեր այցը, ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև սահմանափակ քանակի վիզաների տրամադրման վերսկսումը կարելի է դիտարկել որպես դրական զարգացում»,- հայտնում է վարչապետ Բինալի Յիլդիրիմը:
Երկուշաբթի օրն ԱՄՆ-ը հայտարարել էր, որ մասնակիորեն կվերսկսի Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը, եթե Թուրքիայի իշխանություններից ստանա համապատասխան երաշխիքներ երկրում իր դեսպանության տեղական աշխատակիցների անվտանգության վերաբերյալ: Վաշինգտոնը դադարեցրել էր վիզաների տրամադրումը Թուրքիայում իր դեսպանության երկու աշխատակիցների ձերբակալումից հետո:
«Մենք ցանկանում ենք, որ մեր մտահոգությունները, կապված ԱՄՆ-ում Թուրքիայի քաղաքացիների ձերբակալման հետ, փարատվեն: Նրանք ևս ունեն նման մի խնդրանք: Դիվանագետներն այս պահին աշխատում են՝ լուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասում է Թուրքիայ վարչապետը:
Թուրքիան արձագանքել էր, որ նույնպես կվերսկսի մասնակիորեն վիզաների տրամադրումը ԱՄՆ-ի քաղաքացիների համար, որը դադարեցրել էր՝ ի պատասխան ամերիկյան կողմի գործողությունների: Սակայն Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ թուրքական կողմը չի տրամադրել Վաշինգտոնին որևէ տեսակի երաշխիք:
«Երաշխիքների տրամադրման վերաբերյալ բանակցությունները կխախտեին պետական օրենքները»,- ասել է Յիլդիրիմը։
Թուրքական կողմին զայրացնում է Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու ԱՄՆ-ի դժկամությունը: Վերջինս բնակվում է Փենսիլվանիա նահանգում 1999 թվականից ի վեր: Միացյալ Նահանգները պնդում է, որ ամերիկյան դատարանը պահանջում է համապատասխան ապացույցներ թուրքական կողմից վտարանդի գործչի հեղաշրջման կազմակերպման հարցում: Թուրքիայի վարչապետ Յիլդիրիմը նշել է, որ արտահանձման խնդիրը կքննարկվի իր այցի ընթացքում:
Facebook Forum