Մատչելի հղումներ

Հայոց ցեղասպանությունն արդարադատություն է պահանջում՝ Ինդիանայի նահանգապետ


Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած ԱՄՆ-ի 48-րդ նահանգը:

«Իսկապես, շատ երկար սպասված էր Ինդիանայի համար այս քայլը», - Ինդիանայում Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Սեդա Արզումանյանը տեղի հայ համայնքի կողմից ողջունում է նահանգապետի կողմից ցեղասպանության ճանաչման որոշումը, - «Ինդիանան ԱՄՆ-ի այն յուրահատուկ նահանգներից է եղել, որը մեծ օգնություն է ցուցաբերել հայերին Ցեղասպանության տարիներին եւ օգնել է շատ հայերի տեղափոխվել եւ տեղավորվել ԱՄՆ-ում»:

Ինդիանայի նահանգապետ Էրիկ Հոլքոմբի արձակած հռչակագիրն ընդգծում է, որ 1915-ից 1923 թվականները Օսմանյան կայսրության տարածքում ծրագրավորված եւ իրականացված ցեղասպանության արդյունքում զոհվել է մեկ եւ կես միլիոն հայ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ: Ինդիանայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեծ դեր են խաղացել նահանգի փոքրաթիվ – ընդամենը հազարի հասնող – բայց շատ ակտիվ հայ համայնքի ջանքերը, նշում է Սեդա Արզումանյանը.

«Իսկապես, դա տարիների աշխատանք էր եւ այսօր մեր աշխատանքն ի վերջո պսակվեց հաջողությամբ»:

Նահանգապետ Հոլքոմբն իր հռչակագրում նշում է, որ ճանաչելով, հիշելով եւ կրթելով երեխաներին Հայոց ցեղասպանության, Ողջակիզման եւ մյուս ցեղասպանությունների մասին, քաղաքացիները պաշտպանում են «պատմական հիշատակը, ապահովագրում են ապագան նման դաժանություններից եւ հակազդում ատելությանը, հալածանքներին եւ բռնությանը»: Հատկանշական է, որ նահանգապետի հռչակագրում ընդգծվում է, որ Հայոց ցեղասպանությունը «դեռեւս արդարադատություն է պահանջում»:

Հայոց ցեղասպանության եւ հայոց պատմության մասին կրթական եւ տեղեկատվական աշխատանքներ կատարելու նպատակով այս շաբաթ նահանգապետի որոշմամբ Ինդիանայում հռչակված է Հայոց պատմության իրազեկման շաբաթ: Նահանգում բնակվող հայերը սակայն ասում են, որ չեն սահմանաջոկվելու այս մեկ շաբաթվա ընթացքում նախատեսված միջոցառումներով.

«Առաջիկայում մենք կցուցադրենք նաեւ «Խոստումը» ֆիլմը՝ հանրային մակարդակով»:

Սեդա Արզումանյանն ընդգծում է, Ինդիանայի բնակիչներից շատերն իրենց պահպանողականությամբ ու ավանդական արժեքներով չափազանց նման են հայերի.

«Մինչ ԱՄՆ գալը մտածում էի, թե ամերիկացիներն այդքան էլ ուղղված չեն ընտանիքի, իրենց երեխաների հետ կապ չունեն, բայց Ինդիանան այդ առումով շատ նման է հայերին՝ իրենք շատ ամուր կապեր են պահպանում իրենց ընտանիքների, երեխաների հետ»:

Հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ, այսպիսով Հայոց ցեղասպանությունը դեռեւս չեն ճանաչել միայն երկու ԱՄՆ-ի նահանգ՝ Ալաբաման եւ Միսիսիպին: Մյուս բոլոր 48 նահանգները՝ նահանգապետի կամ նահանգային Սենատի մակարդակով ճանաչել են Մեծ եղեռնը որպես ցեղասպանություն:

Facebook Forum

XS
SM
MD
LG