Մատչելի հղումներ

Թրամփի նախընտրական  շտաբի նախկին ղեկավարի նկատմամբ մեղադրանքները հաստատվել են


Փոլ Մանաֆորթ
Փոլ Մանաֆորթ

Երկուշաբթի օրը նախագահ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթը հանձնվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ վերջին նախագահական ընտրություններին Ռուսասատնի միջամտության գործի շրջանակում: 68 ամյա Մանաֆորթի դեմ հաստատվել են հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլլերի առաջ քաշած մեղադրանքները։ Նրա նախկին գործընկեր Ռիկ Գեյթսը ևս ներկայացել է Հետաքննությունների դաշնային բյուրո։

Մանաֆորթը երկար տարիներ զբաղվել է լոբբիստական գործունեությամբ Վաշինգտոնում՝ ներկայացնելով այստեղ տարբեր համաշխարհային առաջնորդների շահերը, ներառյալ Ռուսաստանի եւ Ուկրաիանայի:

Սա հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլլերի առաջ քաշած առաջին մեղադրանքն է այս գործի հետաքննության ղեկավարումը ստանձնելուց ի վեր, որը զգալի ստվեր է գցում նախագահ Թրամփի նախագահության վրա։

Նախագահ Թրամփն իր հերթին այս գործն ու դրա շրջանակում տարբեր մարմինների իրականացվող հետաքննություններն անվանել է «վհուկների որս», որի միջոցով դեմոկրատները արդարացնում են իրենց պարտությունը ընտրույուններին: Սակայն Մյուլլերը, ով նախկինում զբաղեցրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնը, հանրության կողմից դիտարկվում է որպես ապաքաղաքականացված գործիչ:

Հետաքննության առաջին իսկ օրերից Մանաֆորթը գտնվել է ուշադրության կենտրոնում:

«Եթե Փոլ Մանաֆորթը մեղավոր է, իսկ ինքը նշել է, որ լինելու են մեղադրանքներ, դա կարող է օգնել մեզ պատասխանել հետաքննության հիմնական հարցին. մենք գիտենք, որ Ռուսաստանի կառավարությունը փորձել է կապ հաստատել միջնորդների միջոցով Թրամփի նախընտրական շտաբի, Փոլ Մանաֆորթի ու այլոց հետ: Հարցը նրանում է, թե ով և ինչ է փոխանցել ում այս շփումների արդյունքում»,- նշում է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Սակայն Սպիտակ տունը հակազդում է՝ շարունակելով կտրականապես հերքել Թրամփի շտաբի որևէ տեսակի համագործակցությունը Ռուսաստանի հետ:

«Մեր դիրքորոշումն այս առիթով չի փոխվել առաջին իսկ օրվանից: Այժմ հստակ երևում է, որ եթե եղել է համագործակցություն Ռուսաստանի հետ, ապա դա եղել են դեմոկրատներն ու Քլինտոնի ընտանիքը»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի և ԱՄՆ-ի Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովի հետաքննություններն այս հարցի վերաբերյալ շարունակվում են:

Հիշեցնենք, որ այս գործի շրջանակում իրեն մեղավոր էր ճանաչել Թրամփի քարոզարշավի արտաքին հարցերի նախկին խորհրդական Ջորջ Պապադոպոլուսը, ով ընդունել է, որ սուտ տեղեկություն է տրամադրել Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչներին Ռուսաստանի պետական շրջանակների հետ քարոզարշավի ժամանակ իր ունեցած հաղորդակցման վերաբերյալ:

Facebook Forum

XS
SM
MD
LG