«Այսօր ես եկել եմ ասելու ձեզ՝ օգնությունը ճանապարհին է», - Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսն «Ի պաշտպանություն քրիստոնյաների» գագաթաժողովի իր հայտարարության ընթացքում ազդարարել է Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքների նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության արմատական փոփոխության մասին: ՄԱԿ-ը Փենսի խոսքով, լիարժեք չի կատարում իր առաքելությունը: Արդյունքում տարածաշրջանում փոքրամասնություն կազմող քրիստոնյա համայնքներին ամերիկյան օգնությունը գրեթե չի հասնում.
«Մերձավոր Արեւելքի մեր քրիստոնյա բարեկամները չպետք է ապավինեն միջազգային կազմակերպություններին: Ամերիկան կարող է նրանց ուղղակի օգնել: Ուստի պատիվ ունեմ հայտարարելու, որ նախագահ Թրամփը հրահանգել է Պետքարտուղարությանը դադարեցնել ՄԱԿ-ի անարդյունավետ օգնության ֆինանսավորումը: Այսուհետ Ամերիկան ուղղակի օժանդակություն կտրամադրի այդ համայնքներին»:
Թրամփի վարչակազմի որոշումը լայն աջակցություն է գտել ոչ միայն գագաթաժողովին ներկա Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների, այլեւ ամերիկյան օրենսդիրներից շատերի կողմից: Կոնգրեսական Քրիս Սմիթի խոսքով դա թույլ կտա քրիստոնյաներին իրական օգնություն ստանալ.
«Քրիստոնյաները չէին այցելում ՄԱԿ-ի օգնության կետերը, քանի որ քրիստոնյա կանանց նկատմամբ կարող էին բռնություն կիրառել, իսկ տղամարդկանց ծեծի ենթարկել կամ սպանել: Նման կետերից շատերում նրանց մահացու վտանգ էր սպառնում»:
Իր ելույթում փոխնախագահ Փենսը հիշեցնում է, քրիստոնեությունը տարածվել է հենց Մերձավոր Արեւելքից.
«Սիրիայի սարերում, Լիբանանի հովիտներում, Նինվեի հարթավայրերում, Հայկական լեռնաշխարհում, Տիգրիսի եւ Եփրատի ափերից մինչեւ Նեղոսի դելտա մեր հավատքի հայրերն ու մայրերը Քրիստոնյա հավատքի սերմերն են տնկել»:
Իրաքից գագաթաժողովին ժամանած Մայր Օլգան ընդգծում է՝ Հայկական, Սիրիական եւ Խալդյան եկեղեցիները քրիստոնեությունը ստաց են դեռեւս առաջին դարում առաքյալներից, հետեւաբար եւ կոչվում են՝ Առաքելական.
«Մայրս հայ է եւ մինչ օրս աղոթում է միայն հայերեն, նշում Սուրբ Ծնունդը Հայ առաքելական եկեղեցու հետ, քանի որ կապված է իր արմատներին: Դա պետք է հարգել եւ թույլ տալ մարդկանց պահպանել կապն արմատների հետ»:
Գագաթաժողովի կազմակերպիչներից՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արամ Համբարյանը նշում է, որ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների պահպանության եւ այլ հարցերն անհրաժեշտ է դիտարկել ոչ թե քաղաքական այլ՝ բարոյական տեսանկյունից.
«Կարիք չկա ընտրություն կատարելու հզոր եւ արդար լինելու միջեւ, նման ընտրություն գոյություն չունի, մենք կարող ենք եւ պետք է լինենք հզոր եւ արդար»:
Իր ելույթում Մայք Փենսը ընդգծում է՝ ամերիկյան աջակցությունը վճռական է Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների պահպանման համար.
«Միացյալ Նահանգները միշտ կսատարի նրանց, ովքեր տառապանքներ են կրում իրենց հավատքի համար: Մենք միշտ նրանց ի սատար ենք կանգնելու»:
Facebook Forum