Մատչելի հղումներ

Ford Explorer մակնիշի 1.5 միլիոն ավտոմեքենաներ նոր տեխզննում կանցնեն


2011-ից հետո արտադրված Ford Explorer մակնիշի ավտոմեքենաների տեխնիկական խնդիրների առնչությամբ, ԱՄՆ-ի Ավտոճանապարհային երթևեկության ազգային անվտանգության վարչություն ավելի քան 2,700 բողոք-դիմում է ներկայացվել:

Ամերիկյան հանրահայտ Ford կորպորացիան առաջարկել է, որ 2011թվականից հետո արտադրված Ford Explorer մակնիշի շուրջ 1.5 միլիոն ավտոմեքնենաներ հատուկ տեխզննում անցնեն՝ գերժամանակակից ու հարմարավետ ընտանեկան արտաճանապարհային մեքենաների սրահում ածխածնի երկօքսիդ գազի արտանետումների մասին ստացված բազմաթիվ բողոքների պատճառով:

Ford Explorer մակնիշի 2011-2017թթ արտադրության ավտոմեքենաների սրահներում գրանցված ածխածնի երկօքսիդ գազի արտանետումները 3 ավտովթարի պատճառ են հանդիսացել, 41 վարորդ հայտնել է առողջական խնդիրների մասին:

Նշենք, որ 2014 թվականին Ֆլորիդա նահանգի մի բնակիչ դատական հայց էր ներկայացրել Ford ընկերության դեմ՝ պնդելով, որ Ford Explorer- գնելուց հետո իր դստեր և իր մոտ խրոնիկական գլխացավեր են ի հայտ եկել: Դատավարության արդյունքում երկու կողմերը եկել էին ընդհանուր համաձայնության:

2016 թվականի տվյալներով՝ ԱՄՆ-ում ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաների 50%-ը Ford Explorer մակնիշի ավտոմեքենաներ են: Թեքսաս նահանգի Օսթին քաղաքի ոստիկանությունը այս աղմկահարույց բացահայտումներից հետո հայտարարել է Ford Explorer մակնիշի 600 ավտոմեքենաներից ժամանակավորապես հրաժարվելու մասին, տասնյակ ոստիկանների կողմից ներկայացված բողոք-դիմումներից հետո:

Ամերիկյան ավտոհսկա Ford Motors-ը համաձայնվել է հատուկ տեխնիկական ստուգումներ անցկացնել, պնդելով սակայն, որ ոստիկանական Ford Explorer ավտոմեքենաների սրահներում հայտնաբերված ածխածնի երկօքսիդ գազի արտանետումների պատճառը հանդիսացել է հատուկ ոստիկանական սարքավորումների տեղադրումը:

XS
SM
MD
LG